«Գանձասարը» կմրցի «Կառլսրուեի» հետ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 3-րդ տեղը զբաղեցնող՝ Կապանի «Գանձասարը» օգտվելով Եվրո-2012-ի ընտրական փուլի խաղերի վերսկսման հետ կապված դադարից, այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Կառլսրուեի» հետ:
Խաղը կկայանա Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին:
Իսկ ահա մեր մյուս թիմերը չեն պատրաստվում փորձել իրենց ուժերը: Ինչպես «Ա1+»-ի թղթակցին հաղորդեցին առաջնության առաջատար «Ուլիսի» մամուլի կենտրոնից, կարճատեւ հանգստից հետո, թիմը այսօր սկսել է պատրաստվել 25-րդ տուրի խաղերին եւ կհանդիպի Գյումրիի «Շիրակի» հետ:
Եռօրյա հանգստից հետո Հանրապետության չեմպիոնը՝ «Փյունիկը» նույնպես սկսել է մարզումները: Պարապմունքներն ացկացնում է թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնական Աշոտ Ավետիսյանը, քանի որ գլխավոր մարզիչը զբաղված է հավաքականի գործերով:
Առանց գլխավոր մարզչի է մնացել նաեւ «Բանանցը»։ Ռաֆայել Նազարյանը «Բանանց»-ի գլխավոր մարզչի աշխատանքը համատեղում է մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի եւ Ազգային թիմի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնների հետ։
Տեղեկացնենք, որ Հայաստանի անցած տարվա փոխչեմպիոնը՝ «Բանանցը», այլեւս չի կարող հույսը կապել բրազիլացի հարձակվող Դու Բալայի հետ, քանի որ նա չի հասցնի մինչեւ մրցաշրջանի ավարտը վերականգնվել ծնկի վնասվածքից: Այդ մասին տեղեկացանք «Բանանցի» մամուլի կենտրոնից: