Հայաստանը մարզվում է առանց 7 ֆուտբոլիստի (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ, երեկ սկսեց պատրաստվել Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումներին։
Հոկտեմբերի 7-ին մեր ընտրանին Երեւանում կընդունի Մակեդոնիայի ազգային թիմին, իսկ 4 օր անց՝ Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին:
Մեր ընտրանին իր անդրանիկ մարզումն անցկացրեց թերի կազմով, բացակայում էին 7 ֆուտբոլիստներ՝ Դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ հարձակվող Արթուր Սարկիսովը այդ օրը իրենց թիմերի կազմում մասնակցում էին Ռուսաստանի 1-ին խմբի առաջնության հերթական տուրին, իսկ Ուկրաինայում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Մարկոս Պիզելին նոր էին ժամանել Երեւան` ավիաչվերթի ուշացման պատճառով: Հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Երեւան է ժամանել միայն այսօր:
Մեր թիմն առաջիկա երեք օրը կանցկացնի մեկական փակ մարզում: Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից հետո, Վարդան Մինասյանը նախատեսել է եւս երկու փակ պարապմունք, իսկ հոկտեմբերի 10-ին մեր ընտրանին կմեկնի Դուբլին, որտեղ կրկին մարզում կանցկացնի առանց լրագրողների եւ երկրպագուների ներկայության:
Մակեդոնիայի ընտրանին Հայաստան կժամանի խաղից երկու օր առաջ, հոկտեմբերի 5-ին: Մակեդոնական լրատվամիջոցները գրում են, որ երեւանյան խաղին չեն կարող մասնակցել հավաքականի ավագը՝ Գորան Պանդեւը եւ հարձակվող Ագիմ Իբրահիմին, որոնք իրենց թիմերի վերջին հանդիպումներին վնասվածք են ստացել:
Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը նրանց փոխարեն հրավիրել է միայն Մարիո Գուրովսկուն, որը մեր ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանի, Գեւորգ Ղազարյանի եւ Մարկոս Պիզելիի հետ հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգում»:
«Չնայած մենք չենք հավակնում Եվրո-2012-ի ուղեգրին, սակայն հավաքականի համար անչափ կարեւոր են պաշտոնական բոլոր հանդիպումների արդյունքները: Առաջիկա երկու խաղերին ես կաշխատեմ փորձարկել տակտիկական մի քանի տարբերակներ, որպեսզի պարզեմ, թե ֆուտբոլիստները ինչպե՞ս են հարմարվում դրանց»,- երեկ կազմակերպված մամուլի ասուլիսին ասել է 68-ամյա ուելսցի մասնագետը: