Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բագրատ Գալստանյան
A A
Քաղաքականություն

«Ո՞վ է գլորելու այդ քարը մեզ համար»․Բագրատ արք. Գալստանյան

Բագրատ արք. Գալստանյանի ՖԲ գրառումը․
 
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» (Մարկ. ԺԶ:3-4)
Այս մտքերով ու մտահոգությամբ տարված, տագնապով պատված` թույլ ու անօգնական թվացող կանայք ընթանում էին դեպի Հիսուսի գերեզմանը:
Գիտակցում էին, որ դժվար է` գրեթե անհնար ու անկարելի, հեռացնել այն ծանր քարը, որ դրված էր Լույսի Ճանապարհին` իրենց երազների, ձգտումների, նպատակի իրականացման ու կյանքի վրա:
 
Սակայն, որքան էլ անհնար թվար, նրանք չկասկածեցին, չվարանեցին, այլ ընթացան, որովհետև իրենց նպատակն ու պատասխանատվությունը, պայքարի ու հաղթանակի ձգտումն ավելի մեծ էր, քան իրենց վախերն ու թվացյալ անզորությունը:
Եվ արձագանքը չուշացավ... քարը գլորվեց, լույսը ճառագեց և ձայնը գոչեց. «Մի’ վախեցեք, Քրիստոս Յարեա՜ւ»:
 
Այո’, քարը գլորվեց, որովհետև նրանք չվախեցան:
Նրանց համառ ընթացքը, ճշմարտության համոզմունքը, արդարության անպարտելիությունը, նպատակին հասնելու ձգտումը և անսակարկելի հավատքը գլորեցին այդ մեծ գերեզմանաքարը և ո’չ սոսկ անհույս հրաշքի սպասումը:
Նրանք հաղթեցին, որովհետև արդեն հաղթել էին, որովհետև չհամակերպվեցին, որովհետև չվախեցան և չընկրկեցին: Նրանք չսպասեցին և չակնկալեցին, որ որևէ մեկը իրենց փոխարեն կհեռացնի այդ ծանր քարը:
Այս փոքրիկ դրվագը իր համառոտությամբ առավելագույնս արտացոլում է մեր կյանքի իրականությունը` մեր ունեցած վախերի, տագնապների, կասկածների, մտահոգությունների մեծ քարին դեմ հանդիման կանգնած` մեր համառ ընթացքով, նպատակներով, երազներով ու ձգտումներով:
 
Այսօր, այդ չարիքի քարը կարծես դրված մեր երկրի և մեր ժողովրդի վրա: Եվ մենք գիտակցված կամ ակամա նույն հարցն ենք տալիս. «Ո՞վ է գլորելու այդ քարը մեզ համար».
Ո’չ ոք, ո’չ անհույս հրաշքի սպասումը, և ո’չ այլ ինչ պատանք, այլ միայն դո’ւ և դո’ւ, մե’նք և մե’նք, մեր նպատակով, մեր երազներով, պատասխանատվությամբ և աննահանջ կամքով ու սիրով`
Վախին հակադրելով քաջությունը,
Անզորությանը` հույսը և կամքը,
Կասկածին` հավատքն ու վստահությունը,
Ստին` ճշմարտությունը,
Կեղծիքին` արդարությունն ու հավատարմությունը,
Անորոշությանը` նպատակն ու երազի իրականացումը,
Հարմարվելուն` համառ ընթացքը և պատասխանատվությունը,
Ատելությանը` սերն ու հաշտությունը:
Եվ կգլորենք այդ քարը մեր վրայից, կգլորենք անպայման ու անկասկած:
Եվ վստահաբար, կլսենք ու կտեսնենք ու կպատմենք, որ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»:
Նա ո՜ղջ է, ինչպես և դուք, ինքներդ ձեզ մի սպանեք և, առավել ևս, մի փնտրեք մեռելների մեջ:
Եվ այդ քարը մե'նք կգլորենք... Այն չի ուշանա...
Քրիստոս Յարեաւ ի մեռելոց,
Մեծ Ավետիս բոլորիս:
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
05.04.2026
Տօն Սբ Յարութեան