Բացել լրահոսը Փակել լրահոսը
88
A A
Հասարակություն

Գյումրու հին շուկան կվերածվի տարածաշրջանային խոհարարական կենտրոնի

Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 20-ին ճանաչողական այցով Գյումրիում էր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցի շրջանակներում հանձնակատարը ծանոթացել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերին և հանդիպումներ ունեցել կրթական ու գործարար շրջանակների հետ։

Մարթա Կոսն այցելել է Շիրակի պետական համալսարան (ՇՊՀ), որտեղ հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված ԵՄ-Հայաստան ներկայիս հարաբերություններին։ Ուսանողների և դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հանձնակատարն ընդգծել է երկկողմ կապերի խորացման կարևորությունը։

«Եվրոպան և Հայաստանը կապված են բազմաթիվ մակարդակներով, հայերը դարեր շարունակ ձևավորել են եվրոպական կյանքը։ Հայերը մեր ընտանիքն են, և մեզանից շատերի համար մեծ ուրախություն է, որ այսօր մեր հարաբերություններն ավելի լավ են, քան երբևէ եղել են Եվրոպական միության պատմության վերջին շրջանում։ Մենք շարունակում ենք այս հիմքի վրա կառուցել և գնալ էլ ավելի մերձեցման»,- նշել է Մարթա Կոսը։

Դասախոսությունից հետո հանձնակատարը պատասխանել է ներկաների հարցերին։ Հանդիպման ավարտին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը բարձրաստիճան հյուրին է նվիրել բուհի 90-ամյակին նվիրված «Շիրակի պետական համալսարանի տարեգրության էջերում» գիրքը։

Այցի հաջորդ կանգառը Գյումրու հին շուկայի տարածքն էր, որտեղ ԵՄ աջակցությամբ իրականացվում է վերականգնման խոշորածավալ ծրագիր։ 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունն իրականացվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ՝ միջազգային գործընկերների և բարերարների աջակցությամբ։

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ Միջազգային խոհարարական դպրոցի հիմնումը, որտեղ դասավանդելու են ֆրանսիական հանրահայտ «Institut Lyfe»-ի մասնագետները։ Լավագույն շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակելու Լիոնում։ Շուկայի տարածքում կգործեն նաև առևտրի տաղավարներ, ռեստորաններ, արվեստի գործերի խանութներ և մշակութային միջոցառումների հարթակներ։

Լրագրողների հետ ճեպազրույցում «Թումո Գյումրի» կենտրոնի ղեկավար Լենա Կարապետյանը տեղեկացրել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 9 միլիոն դոլար։

«Այս ընթացքում հսկայական աշխատանք է արվել։ Մեկնարկել է նախագծային փուլը, որը ներառում է լանդշաֆտային, ջրահեռացման և ոռոգման համակարգերի նախագծերը։ Ճարտարապետական մրցույթում 150 հայտերից հաղթող է ճանաչվել «Մուրադյան Ստուդիոն», իսկ լանդշաֆտային նախագիծը վստահվել է բելգիական ընկերության»,- նշեց Լենա Կարապետյանը՝ հավելելով, որ թեև բուն շինարարությանը նախորդում են երկարատև երկրաֆիզիկական և սեյսմոլոգիական հետազոտություններ, աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, իսկ որպես վերջնաժամկետ նշվում է 2027 թվականի ավարտը։