Բացել լրահոսը Փակել լրահոսը
կենտրոնական բանկ
A A
Պաշտոնական

Հուլիսի 1-ից սպառողները կկարողանան մեկ հպումով արգելափակել առցանց գործարքները․ ԿԲ

2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ 

Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։

Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։

Մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի և կհիշեցնի սպառողներին դրա կիրառման կարգի և հնարավորությունների վերաբերյալ։

Կարգավորման մանրամասները՝ «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում:

Հուլիսի 1-ից հետո գործիքի առկայությունը պարտադիր է՝ բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով: