Բացել լրահոսը Փակել լրահոսը
648310493_122177569250790827_2822900536588930906_n-800x545
A A
Պաշտոնական

ՀԷՑ-ում քննարկվել են Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարական ուղղությունները

Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում արևային ֆոտովոլտային համակարգեր արտադրող և տեղադրող խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, ՀՀ ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը, ՀՀ ՀԾԿՀ սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը, ՀՀ ՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Մերի Ղազարյանը, Շինարարների միության ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության տեխնիկական տնօրինության, իրացման տնօրինության, ընդհանուր հարցերով տնօրինության, անվտանգության և վերահսկողության տնօրինության պատասխանատու ներկայացուցիչներ:

Աշխատանքային հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ կատարվեց Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններին։ Քննարկվեցին էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, համակարգային կուտակիչների ներդրման, ինչպես նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման և ջերմային պոմպերի կիրառման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծեց հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ նման ձևաչափով քննարկումները հնարավորություն են տալիս համակողմանի անդրադառնալ էլեկտրաէներգետիկական համակարգում և ՀԷՑ-ի բաշխման ցանցում առկա իրավիճակին ու հիմնախնդիրներին, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված անհրաժեշտ գործընթացներին։

Քննարկման ընթացքում ընդգծվեց նաև էլեկտրաէներգիայի պահանջարկի կանխատեսման կարևորությունը՝ հաշվի առնելով տվյալների կենտրոնների և էլեկտրամոբիլների աճող ազդեցությունը, ինչպես նաև մոնիտորինգի ու տվյալների վերլուծության համակարգերի զարգացումը։

Մասնակիցներն անդրադարձ կատարեցին Էներգետիկայի ինստիտուտի դերակատարությանը, պետություն–մասնավոր հատվածի համագործակցության ձևաչափով աշխատանքային խմբի ստեղծման հնարավորությանը, ինչպես նաև տեղական էներգետիկ ընկերությունների մրցունակության բարձրացման և նրանց ծառայությունների արտահանման խթանման ուղղություններին։

Ներկաները ողջունեցին նման ձևաչափով աշխատանքային հանդիպման նախաձեռնությունն ու անհրաժեշտությունը:

Քննարկման արդյունքում կողմերը կարևորեցին պետություն–մասնավոր հատվածի համագործակցության ամրապնդումը և նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը՝ էներգետիկ ոլորտում առկա մարտահրավերներին համատեղ լուծումներ գտնելու և համակարգի կայուն ու արդյունավետ զարգացմանը նպաստելու նպատակով։ Նշվեց նաև, որ բարձրացված հարցերի շուրջ աշխատանքները կշարունակվեն մասնագիտական քննարկումների և համատեղ նախաձեռնությունների շրջանակում։