Ես կարծում եմ, որ սա իրական պատերազմ է, և այն կընթանա մինչև կողմերից մեկի պարտությունը․ Ռուբեն Սաֆրաստյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ռազմական գործողությունները դեռ առաջին փուլում են»
«Ես կարծում եմ, որ սա իրական պատերազմ է, և այս պատերազմը կընթանա մինչև կողմերից մեկի պարտությունը, թեև կողմերը հավասար չեն»,-ասում է ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին։
Ըստ նրա՝ իրավիճակը կարող է ավելի սրվել՝ հաշվի առնելով, որ հակամարտությանը ներգրավված են Իրանից, Իսրայելից և ԱՄՆ-ից բացի այլ պետություններ․ «Իմ կարծիքով՝ ռազմական գործողությունները դեռևս գտնվում են առաջին փուլում»։
Նա չի բացառում, որ ԱՄՆ-ն կարող է կիրառել ոչ միայն սովորական հրթիռներ, այլև ծանր ռազմավարական ռմբակոծիչներ։
«Զանգվածային կիրառման դեպքում մեծ ավերածություններ կլինեն Իրանում»,- նշում է նա՝ հավելելով, որ եթե կառավարական կենտրոնների թիրախավորումը արդյունք չտա, հնարավոր է հարվածներն ուղղվեն ենթակառուցվածքների դեմ։
Իսկ եթե դա էլ չբերի ցանկալի արդյունքի, չի բացառվում ցամաքային գործողությունների սցենարը՝ Իրանի ներսում զինված պայքար հրահրելու կամ արտաքին զինված խմբավորումների ներթափանցման միջոցով։« Բայց սրանք իմ կանխատեսումներն են, քանի որ ինֆորմացիան սահմանափակ է»,- ընդգծում է արևելագետը։
Նրա խոսքով՝ զարմանալի է, որ Իրանը նման ծանր իրավիճակում շարունակում է դիմակայել․ «Եվ կշարունակվի այնքան, քանի դեռ պաշարներ ունի»։
Միևնույն ժամանակ նա հույս է հայտնում, որ ռազմական գործողությունները չեն տարածվի ամբողջ Մերձավոր Արևելքում։
Ռուսաստանի դիրքորոշումը, նրա գնահատմամբ, բավական զուսպ է։ Թեպետ Մոսկվան դատապարտել է ամերիկա-իսրայելական հարվածները և հայտարարել է, որ պատրաստ է օգնել Իրանին, հրապարակային փաստեր, ըստ նրա, չկան, որոնք կվկայեն լուրջ աջակցության մասին։ «Ինքը, խնդիրներ ունենալով Ուկրաինայի հետ կապված, լուրջ չի միջամտում այս հակամարտությանը»,- ասում է նա։
Թուրքիայի քաղաքականությունն էլ է, ըստ Սաֆրաստյանի, զուսպ։ Սաֆրաստյանի խոսքով՝ Իրանի հյուսիսում ապրող մեծաթիվ թրքալեզու բնակչության շրջաններում իրավիճակը հանգիստ է, ինչը, նրա կարծիքով, բխում է Թուրքիայի ընդհանուր ռազմավարությունից, որն է Իրանի տարածքային ամբողջականության պահպանումը։
Հնարավոր ռիսկեր Հայաստանի համար
Հայաստանի համար, ըստ արևելագետի, տեսականորեն կարող են առաջանալ անմիջական ռիսկեր։ Առաջին հերթին խոսքը հայ-իրանական սահմանի և հաղորդակցության ուղիների հնարավոր փակման մասին է, ինչը կունենա նաև տնտեսական հետևանքներ։ Մյուս հավանական վտանգը Իրանից դեպի Հայաստան փախստականների մեծ հոսքն է՝ իրադրության հնարավոր կտրուկ վատթարացման դեպքում։
Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ առայժմ այդ սցենարները չեն իրականացել։ «Ինչպես տեսնում ենք սահմանը դեռևս հատում են միայն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ուղղակի լքում են Իրանը»։ Տնտեսական ռիսկեր կարող են առաջանալ միայն սահմանների փակման դեպքում, սակայն այս պահին, նրա գնահատմամբ, իրավիճակը վերահսկելի է։
Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Իրանի ներսում կառավարելիությունը պահպանվում է, թեև «տեսանք, որ ղեկավարության մեծ մասը ոչնչացվեց»։
«Նպատակն Իրանը գլխատելն է»
Սաֆրաստյանի գնահատմամբ՝ ռազմական գործողությունների առաջին փուլը միտված է եղել Իրանի «գլխատմանը», և այն կարող է ավարտվել առաջիկա 3–4 օրերին։ Նրա կարծիքով՝ դրանից հետո չի բացառվում երկրորդ փուլի մեկնարկը, որի ընթացքում հնարավոր են զանգվածային հարվածներ՝ արդեն ուղղված կոմունիկացիոն ուղիներին և ռազմավարական ենթակառուցվածքներին՝ երկրի կառավարելիությունը թուլացնելու նպատակով։
Նա նաև չի բացառում, որ կարող է փորձ արվել շահարկել էթնիկական գործոնը՝ հաշվի առնելով, որ Իրանը բազմաէթնիկ երկիր է։ Այդ սցենարի դեպքում երկրի ներսում կարող են առաջանալ լուրջ ներքին լարվածություններ։ Միևնույն ժամանակ արևելագետը շեշտում է, որ խոսքը իր վերլուծական կանխատեսումների մասին է։
Նոր աշխարհակարգի մասին
«Ես կարծում եմ, որ նպատակ կա ստեղծելու նոր աշխարհակարգ, որը հիմնված կլինի բացահայտ ուժի կիրառման վրա, այլ ոչ թե օրենքի»,- նշում է Սաֆրաստյանը։
Նրա համոզմամբ՝ միջազգային իրավունքը փաստացի հետին պլան է մղվել, և գործում է ուժը, այդ թվում՝ միջուկային զենքի գործոնը։ Այդ նոր աշխարհակարգը, ըստ արևելագետի, լինելու է հիերարխիկ։ Վերևում կլինեն այն երկու երկրները, որոնք ունակ են ոչ միայն աշխարհը, այլև միմյանց ոչնչացնելու՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, նրանցից մի փոքր ներքև կլինի Չինաստանը՝ իր տնտեսական հզորությամբ։
ԱՄՆ-ն, ըստ նրա, այս պահին կոնկրետ խնդիրներ է լուծում Իրանի միջուկային ծրագրի դեմ, սակայն ռազմավարական առումով աշխարհում պայքար է ընթանում այն հարցի շուրջ, թե ով կլինի այդ ձևավորվող հիերարխիկ բուրգի գագաթին։ «ԱՄՆ-ն փորձում է այս ռազմատենչ գործողություններով իր տեղն ապահովել այդ բուրգի ամենավերևում»,- եզրափակում է Սաֆրաստյանը:
Զրուցեց Սոֆի Մկրտչյանը