Երևան–Լայպցիգ մշակութային տարին կբացվի «Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan» ցուցահանդեսով
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 5-ին, «Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan» լայնածավալ ցուցահանդեսի բացման արարողությամբ կազդարարվի Երևան–Լայպցիգ մշակութային տարվա մեկնարկը:
Լայպցիգի պատմական Spinnerei արվեստի համալիրում՝ Untergeschoß 14 ցուցասրահում, կներկայացվի Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի հավաքածուի ընտրանին։
Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայությամբ գործող՝ «ՀայԱրտ» Արդի Արվեստի Կենտրոնի, ինչպես նաև Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեի, Լայպցիգի քաղաքապետարանի և Լայպցիգի ֆոտոգրքի փառատոնի կազմկոմիտեի համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը՝ «ՀայԱրտ» Կենտրոնի նոր ռազմավարության համատեքստում արդեն երկրորդ ներկայությունն է արվեստի միջազգային հարթակում։
Սրանով, «ՀայԱրտ» Կենտրոնն առաջին անգամ իր հավաքածուն է ներկայացնում Հայաստանի սահմաններից դուրս՝ փորագրանկարչության ավանդույթներով հարուստ գերմանական Լայպցիգ քաղաքում։ Ցուցահանդեսը ներկայացնում է Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի հավաքածուն՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների ժամանակակից տպագրության արժեքավոր նմուշներ: Մասնավորապես կցուցադրվեն տպագրության ավելի քան 150 աշխատանքներ, որոնք ստեղծվել են բազմազան տեխնիկայով և որոնցում ներկայացված են 25-ից ավելի երկրների, այդ թվում՝ Հայաստանի արվեստագետների աշխատանքներ: Նախաձեռնության նպատակն է ամրապնդել և ընդլայնել հայ-գերմանական միջմշակութային երկխոսությունը, ներկայացնել ժամանակակից հայկական արվեստը միջազգային հարթակում և ստեղծել նոր հնարավորություններ արվեստագետների և մշակութային հաստատությունների միջև համագործակցության համար։
Ինչպես նշում է Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ԺՊ՝ Սոնա Հարությունյանը․ «Այս ցուցադրությամբ Հայաստանը ներառվում է գեղարվեստական տպագրության միջազգային համայնքի մեջ, քանի որ գերմանական Լայպցիգ քաղաքը հանդիսանում է գեղարվեստական տպագրության դարավոր ավանդույթների կենտրոն։ Միաժամանակ, այս ցուցահանդեսով կարևորվում է թե իրենց դարավոր ավանդույթները և թե հարթակ է տրամադրվում մեր երկրի երիտասարդ արվեստագետներին, ովքեր Լայպցիգում աշխարհի հետ խոսելու են գեղարվեստական տպագրության լեզվով»։
Երևան-Լայպցիգ մշակութային տարվա շրջանակներում մի շարք ծրագրեր են նախանշված, որոնք իրականացվելու են թե Երևանում, թե Լայպցիգում։