Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եկեղեցի
A A
Քաղաքականություն

Կարգալույծ քահանաները վերականգնվել են պաշտոնում

 Կարգալույծ քահանաներ Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) եւ Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) վերականգնվել են իրենց պաշտոններում:

Արմավիրի մարզի ընհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Աբովյանը որոշել է հայցի ապահովման միջոց կիրառել, «պարտավորեցնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը եւ այլ անձանց ամբողջությամբ եւ առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի՝ Տ.Արամ քահանա Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնում, մինչեւ սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»:

Իսկ  դատավոր Հովհաննես Մելքոնյանը որոշել է պարտավորեցնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը եւ այլ անձանց՝ ամբողջությամբ եւ առանց խոչնդոտ ապահովել հայցվոր՝ Արամայիս Դավթի Թախմազյանի /Տ.Թադե քահանա Թախմազյան/ պաշտոնավարումը Թալինի տարածաշրջանի Հոգեւոր Հովվի պաշտոնում:

Հիշեցնենք, որ հայցվորներից Արամայիս Թախմազյանը պահանջում է անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ հռչակելու մասին եւ որպես հետեւանք իրեն վերականգնել նույն տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում:

Իսկ Ստեփան Ասատրյանն էլ պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին եւ վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգեւոր հովվի պաշտոնում: Դատական նիստերի օրեր դեռ չեն նշանակվել: