Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ արտահերթ նիստը. ՈւՂԻՂ (տեսանյութ)

ԱԺ-ն խստացնում է ընտրական դիտորդների գործունեության կանոնները

Դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ եւ անաչառ գնահատումը: Նրանց  հիմնական նպատակն է նպաստել ընտրությունների օրինականության եւ վստահելիության ապահովմանը: Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները եւ դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք ու անաչառ: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝  պատգամավորների նախաձեռնությամբ հունվարի 23-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, երբ ներկայացնում էր իր եւ նույն խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի ու Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով այդ առաքելության իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դիտորդները պահպանում են քաղաքական չեզոքություն եւ զերծ են մնում ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է ընկալվել որպես աջակցություն կամ ընդդիմություն որեւէ քաղաքական ուժի, թեկնածուի կամ քաղաքական դիրքորոշման նկատմամբ:

Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է  ընտրությունների ոլորտում մասնագիտացած միջազգային կառույցների չափանիշներին,  ներկայացրել նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Ըստ նախաձեռնության հեղինակների՝ ՀՀ օրենսդրությունը  բավարար մեխանիզմներ չի սահմանում դիտորդական առաքելությունների եւ դրանցում ներգրավված դիտորդների քաղաքական չեզոքության ու անկողմնակալության պարտականության կատարման ապահովման համար, ինչի  պատճառով էլ մշակվել է նախագիծը:

Նախագիծը, մասնավորապես, հստակեցնում է, թե ինչ չափանիշների պետք է բավարարի Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ստանալու համար: Նախագծում նաեւ ընդգծվում է դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների եւ հիմնադրամների գործունեության թափանցիկության, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկության անհրաժեշտությունը՝  ելնելով այն տրամաբանությունից, որ ընտրությունների թափանցիկության ապահովման նպատակ ունեցող սուբյեկտները նույնպես պետք է թափանցիկ եւ հաշվետվողական լինեն հանրության առաջ:

Նախաձեռնությամբ նաեւ հստակեցվում է հավատարմագրման դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը, տարանջատվում են ՀՀ-ում գրանցված ՀԿ-ների կողմից հավատարմագրվող ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ՀՀ քաղաքացիություն չունեցող դիտորդների հավատարմագրման համար օրենքով սահմանված ժամկետները: Մասնավորապես, սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող դիտորդների հավատարմագրման համար դիմում կարող է ներկայացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ:

Հստակեցվում են նաեւ դիտորդական առաքելության, հավատարմագրման դիմումի մերժման հիմքերը, ինչպես նաեւ դիտորդական առաքելության,  դրանցում ներգրավված դիտորդների հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչվելու հիմքերը:

Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության կարծիքը՝ նշելով, որ նախաձեռնությունը միտված է դիտորդական առաքելությունների գործունեության անկողմանկալության եւ անաչառության ապահովմանը, եւ  Կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի նախագծի վերաբերյալ:

Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԱԺ որոշմամբ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ խմբակցությունը չի մասնակցելու հարցի քննարկմանը: