Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը պատասխանել է ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ)

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը պատասխանել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը դահուկորդ Միքայել Միքայելյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Անդրադառնալով հայ դահուկորդի՝ Իտալիայում կայացած Tour de Ski մրցաշարի ժամանակ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը փակելուն ու տուգանվելուն, նախարարը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային ուղղված հարցման պատասխանը ստանալուց հետո նոր կհայտնի իր դիրքորոշումը։ Ժաննա Անդրեասյանը հավելել էր, որ «Սպորտը պետք է լինի սպորտի մասին»:

«Մենք ստացել ենք հարցում և անմիջապես պատասխանել ենք: Քանի որ հարցը համազգային քննարկման առիթ է հանդիսացել, խոստանում եմ հրապարակել ԿԳՄՍՆ-ի հարցումն ու մեր պատասխանը:

Տիկին նախարարն առավել քան իրավացի է՝ սպորտը պետք է լինի սպորտի մասին: Դրան է նվիրված մեր կյանքի ամենամեծ մասը: Տիկի՛ն նախարար, մենք էությամբ դրանով ենք ապրում, որ սպորտը լինի սպորտի մասին: Մարզական կրթությունը, մարզական գիտությունը, գործունեությունն ու պրոֆեսիոնալիզմը, սպորտը պետք է լինի սպորտի մասին:

Շատ կուզեմ, որ սպորտի համակարգը Հայաստանում կիսասովետական չմնա, այլ լինի 21-րդ դարին համապատասխան, ժամանակակից և տեխնոլոգիական: Բազմիցս նշել եմ, որ պատրաստ եմ կամավորական հիմունքներով օգնելու ձեզ սպորտը դարձնել 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական համակարգ:

Հարգելի՛ տիկին նախարար, շատ հարգելով Ձեր անձը, տարիների ընթացքում բազմաթիվ նամակներ ենք գրել, բարձրաձայնել խնդիրներ՝ հատկապես 2026-ի Օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրի վերաբերյալ: Ոչինչ չի փոխվելու, զրո արդյունք: Այո՛, սպորտը պետք է լինի սպորտի մասին, տիկին նախարար:

Դուք տեղյակ եք խնդիրների մասին, քանի որ դրանց մասին բազմիցս ենք հայտնել Ձեզ: Մի քանի տարվա ընթացքում մի անգամ կարճ հանդիպում է եղել Ձեզ հետ: Քննարկվել են մի ցավոտ հարցեր, որոնք շատ հեշտ լուծելի են: Ձմեռային մարզաձևերի հավաքականները մի քանի տարի մարզահագուստ չէին ստացել մրցումների մասնակցելու համար: 2025-ին վերջապես ստացան ամառային մարզաձևերի համար նախատեսված համազգեստ:

Եթե չեմ սխալվում, կառավարության որոշման մեջ գրված է՝ «Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ներակայացնելու համար»: Եթե պատշաճ ներկայացնելը պետք է լինի ամառային մարզահագուստով, բնականաբար, սպորտը պետք է լինի սպորտի մասին»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Գագիկ Սարգսյանը։

Ավելի վաղ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարարությունից ֆինանսավորում չեն ստացել 2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, թեև Միքայել Միքայելյանն ու այլ մարզիկներ ապահովել են վարկանիշային միավորներ օլիմպիական քվոտաներ ստանալու համար։