Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Համբարձումյան
A A
Քաղաքականություն

Մասիսի նախկին քաղաքապետի գործով դատական նիստի օրը հայտնի է

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վերաքննիչ դատարանում նիստը նշանակվել է հունվարի 12-ին:Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպաններից Գայանե Պապոյանը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Բողոքը մակագրվել է Հարություն Պետրոսյանին, Մակար Կիրակոսյանին եւ Արմեն Բեկթաշյանին: Պաշտպանական կողմը պահանջում է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել եւ նրան անհապաղ ազատ արձակել:

Դավիթ Համբարձումյանի մասով բեկանել և փոփոխել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը և նրան առաջադրված մեղադրանքում ամբողջությամբ արդարացնել, կամ քրեական գործը Դավիթ Համբարձումյանի մասով ըստ տարածքային ընդդատության ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը՝ սահմանելով նոր քննության ծավալները:

Իսկ մեղադրող կողմը պահանջում է վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով քննության, բացի այդ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5.000.000 ՀՀ դրամ գումարը դարձնել պետության եկամուտ: Դավիթ համբարձումյանը մեղադրվում է 2018 թ հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար: Նա մեղադրանքը չի ընդունում։