Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը Փարիզում քննարկում են Ուկրաինայի հարցը
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունվարի 6-ին ժամանել է Փարիզ՝ «Ցանկացողների կոալիցիա»-ի կարևորագույն հանդիպմանը մասնակցելու համար։ Մինչ այդ նա բանակցություններ է անցկացնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Այս մասին Զելենսկին տեղեկացրել է իր տելեգրամյան ալիքում։
Նա ներկայացրել է ուղևորության հիմնական նպատակները՝ շեշտը դնելով Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը և անվտանգության իրական երաշխիքներին։
«Այսօր կարևոր բանակցություններ են լինելու «Ցանկացողների կոալիցիա»-ի ղեկավարների մակարդակով, ինչպես նաև հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ամերիկյան բանակցային թիմի ներկայացուցիչների հետ: Բանակցություններ, որոնք պետք է ավելի մեծ պաշտպանություն և ուժ ապահովեն Ուկրաինայի համար: Մենք ապավինում ենք մեր գործընկերների աջակցությանն ու այն քայլերին, որոնք կարող են երաշխավորել մեր ժողովրդի իրական անվտանգությունը»,- նշել է Զելենսկին:
Սպասվում է, որ Զելենսկիի և Մակրոնի հանդիպման ավարտին նրանց կմիանան ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը։ Այս մասին հայտնում է tsn.ua կայքը։
«Ցանկացողների կոալիցիա»-ի հանդիպմանն ակնկալվում է ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների մասնակցությունը. քննարկվելու են 2026 թվականին Ուկրաինայի աջակցությանը միտված կոնկրետ քայլերը։ Կողմերը մտադիր են նաև մանրակրկիտ վերլուծել խաղաղության առաջարկները, որոնք հետագայում ներկայացվելու են Վոլոդիմիր Զելենսկիի և Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում։
Եվրոպացի պաշտոնյաները լրագրողներին հայտնել են, որ հրադադարի հաստատման դեպքում Ուկրաինայում խաղաղապահների թիվը կարող է տատանվել 15-20 հազարի սահմանում։ Դրանց հիմնական մասը պետք է ապահովեն Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք պատասխանատու են ցամաքային և օդային բաղադրիչների համար։