Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «Իզի Փեյ» ՍՊԸ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր (տեսանյութ)

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «Իզի Փեյ» ՍՊԸ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել կրթական նախաձեռնությունների հասանելիությունը և հանրային ներգրավվածությունը նորագույն տեխնոլոգիական լուծումների միջոցով։ Հուշագիրը ստորագրվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի Առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանի և «Իզի Փեյ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանի կողմից։

Կողմերը կարևորում են կրթական ոլորտի զարգացման գործում հասարակության ակտիվ մասնակցությունը և վստահ են, որ ֆինանսական ու տեխնոլոգիական գործիքների կիրառումը կարող է էական դեր ունենալ կրթական ծրագրերի կայուն զարգացման և ազդեցության ընդլայնման գործում։ Համագործակցության շրջանակում կողմերը միավորում են իրենց ջանքերը՝ ստեղծելու արագ, հարմար և հասանելի թվային հնարավորություններ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի ծրագրերին աջակցել ցանկացողների համար։

Մասնավորապես, նախատեսվում է հիմնադրամի ներկայացվածությունը «Իզի Փեյ»-ի վճարային տերմինալներում և էլեկտրոնային հարթակներում, ինչը հանրությանը հնարավորություն կտա պարզեցված ընթացակարգով կատարել նվիրատվություններ՝ աջակցելով կրթական առաքելությանը։ «EasyPay» ընկերության հետ համագործակցությունը սկսվել է դեռևս 2021 թվականից։ Այս տարիների ընթացքում «EasyPay»-ի աջակցությամբ մեր Ուսուցիչ-առաջնորդները հնարավորություն են ստացել դասավանդել և իրականացնել կրթական ծրագրեր մի շարք համայնքներում՝ նպաստելով տեղական կրթական միջավայրի զարգացմանը։

Համագործակցության շրջանակում Ուսուցիչ-առաջնորդներ են տեղակայվել Կոտայքի մարզի Հատիս համայնքում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, իսկ ներկայումս ծրագիրը շարունակվում է Կոտայքի մարզի Զառ համայնքում։