«Առնո Բաբաջանյան․ երաժշտություն, որն ապրում է»՝ ջերմ երեկո Խաչատրյանի դահլիճում
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 27-ի բաբաջանյանական երեկոյին «Արամ Խաչատրյան» համերգասրահը լցված էր ջերմությամբ ու գեղեցիկ կատարումների հույզերով։ «New Generation Project»-ը հերթական անգամ ներկայացավ ինքնատիպ ծրագրով՝ հիշեցնելով, որ Բաբաջանյանի երաժշտական ժառանգությունը կենդանի է այսօր էլ։
Բեմում հանդես եկան Սոնա Ռուբենյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Տիգրան Կարապետյանը, Տիգրան Քախվեջյանը և Արթուր Աղաջանովը՝ Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնգյան)։ Երեկոն կարևորվեց ոչ միայն բարձրարվեստ կատարումներով, այլև այն զգացողությամբ, որ Բաբաջանյանի մեղեդիները վեր են տարածության ու ժամանակի սահմաններից՝ ազդելով տարբեր սերունդների լսարանի վրա։
Բաբաջանյանի ստեղծագործական ձեռագիրը, ծնված 20-րդ դարի երաժշտական հոսքերում, շարունակում է գրավել նաև այսօրվա պահանջկոտ, այլ արժեհամակարգ ունեցող երիտասարդների սրտերը։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը կարծես նորից վերապրեց այդ «հավերժական երաժշտության» շունչը՝ դուրս բերելով դահլիճից երկար չէրքաշվող տպավորություններ։