Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Մեղրատոն 2025». Երևանում կանցկացվի մեղվամթերքի ցուցահանդես-վաճառք

Ս. թ. սեպտեմբերի 27-28-ին Երևանի «Երազ» այգում տեղի կունենա մեղրի և մեղվամթերքի «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքը: Միջոցառման նպատակն է խթանել Հայաստանում մեղվաբուծության ոլորտը՝ աջակցելով տեղական արտադրողներին, բարձրացնելով սպառողների իրազեկման մակարդակը մեղվամթերքի որակի վերաբերյալ, ինչպես նաև ստեղծելով հարթակ շահագրգիռ կառույցների միջև փոխգործակցության հաստատման համար:

«Քաղցր օրեր Երևանում» խորագրի ներքո անցկացվող այս միջոցառումը կազմակերպվում է «Մեղվաբուծության Ակադեմիա» հասարակական կազմակերպության կողմից։ Այն իրականացվում է «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» ծրագրի, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի աջակցությամբ։

Արդեն ավանդական դարձած «Մեղրատոն»-ին այցելուները հնարավորություն կունենան շփվել Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մոտ 40 մեղվաբուծական ընկերությունների ներկայացուցիչների հետ, համտեսել և ձեռք բերել նրանց կողմից արտադրված մեղրը և մեղվամթերքը, այդ թվում՝ մեղրամոմ, ծաղկափոշի, ակնամոմ, մայրակաթ: Միջոցառմանը կանցկացվեն մասնագիտական քննարկումներ մեղվաբուծության ոլորտում առկա մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև վարպետաց դասեր մեղվամթերքի ստացման տեխնոլոգիաների և դրանց առաջխաղացման ուղիների վերաբերյալ: Միջոցառման ժամանցային ծրագիրը կներառի ազգային երգ ու պարի ինքնատիպ կատարումներ:

Ցուցահանդես-վաճառքի ընթացքում կներկայացվի նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում վերջերս հիմնադրված «Մեղվաբուծության դարբնոց» գիտաարտադրական հետազոտական կենտրոնի գործունեությունը: Կենտրոնը հիմնադրվել է SIGMA ծրագրի և «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի համատեղ ներդրումների միջոցով: Այն տրամադրում է մեղվաբուծական արտադրանքի որակի վերահսկողության, մեղուների հիվանդությունների ախտորոշման և բուժման, մեղվամթերքի արտադրության, առք և վաճառքի, մեղվաբույծների վերապատրաստման և մի շարք այլ ծառայություններ: «Մեղվաբուծության դարբնոց» կենտրոնում գործում են մայրաբուծության և ներկայումս վերազինման փուլում գտնվող մեղուների հիվանդությունների ախտորոշման լաբորատորիաներ, մեղվաբույծների վերապատրաստման կենտրոն, ինչպես նաև մեղվամթերքի մթերման և վերամշակման արտադրամաս: Փեթակների և մոմաթերթի արտադրամասը վերազինման փուլում է: