Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ստամբուլում ընթանում է Հրանտ Դինքի միջազգային մրցանակի հանձնման արարողությունը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը, Ստամբուլում 17-րդ անգամ անցկացվում է Հրանտ Դինքի միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը մեկնարկել է Երևանի ժամանակով 21։00-ին (GMT+3 20։00) և հեռարձակվում է Հրանտ Դինք հիմնադրամի պաշտոնական կայքում և YouTube ալիքով։

Մրցանակը տրվում է այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք ոգեշնչում են մարդկանց պայքարում հանուն մարդու իրավունքների, հավասարության և խաղաղության, պայքարում են խտրականության, ռասիզմի ու բռնության դեմ։ Ամեն տարի մրցանակի արժանանում են երկու դափնեկիր՝ մեկը Թուրքիայից, մյուսը՝ արտերկրից։

Արարողության ընթացքում ներկայացվում են մարդու իրավունքների և սոցիալական արդարության պայքարները, հնչում են երաժշտական հատուկ կատարումներ․ հայ երգիչներ Ժաննա Դավթյանը, Արման Փեշթմալջյանը և Ստեփան Տեր-Ղևոնդյանը հանդես են գալիս հայկական ստեղծագործությամբ։ Երեկոյի ընթացքում առաջին անգամ բեմում հնչում է նաև Հյուսնյու Արկանի և Ջեյլան Էրտեմի կատարմամբ «Աղպարիկ» երգը։