Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրի Սարգսյանը կաջակցի Վիկ Դարչինյանին

Սպորտ
54a2d1f5f646ce16073d7022590a1ab2

Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Յուրի Սարգսյանը, ով 1993 թվականից բնակվում է Ավստրալիայում, այս օրերին գտնվում է Հայաստանում:

«Ես հատուկ ժամանել եմ Երեւան, որպեսզի աջակցեմ մեր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին` սեպտեմբերի 3-ին կայանալիք մրցամարտում: Մենք 10 տարի է ընկերություն ենք անում, եւ ես աշխատում եմ բաց չթողել նրա մասնակցությամբ մարտերը»,-ասաց նա։

Անվանի մարզիկը նաեւ ավելացրեց, որ նման մարզական միջոցառումները կարեւոր նշանակություն ունեն երիտասարդների համար, քանի որ նրանք ավելի մոտիկից են շփվում հայտնի մարզիկների հետ եւ, ինքնաբերաբար, ցանկանում են նմանվել նրանց, զբաղվել այդ սպորտաձեւով:

«Վերջերս հայ անվանի մարզիկներով խորհրդակցություն անցկացրինք եւ որոշեցինք օգնել ու աջակցել արտասահմանում գտնվող մեր անվանի մարզիկներին, որպեսզի նրանք հաճախ ելույթ ունենան Հայաստանում»,- նշեց նա։

Այսօր կայացած մամուլի ասուլիսին անվանի ծանրամարտիկին հարցեր տրվեցին նաեւ ծանրամարտի մասին: Յուրի Սարգսյանն ասաց, որ Հայաստանում այդ մարզաձեւը, իրոք, բարձր հիմքերի վրա է դրված:

«Ես Ավստրալիայի ծանրամարտի հավաքականի մարզիչն եմ, ուստի ներկա եմ լինում բոլոր խոշոր մրցաշարերին: Մշտապես հետեւում եմ հայ ծանրորդների ելույթներին: Ելնելով նրանց ցույց տված արդյունքներից, կարծում եմ, որ մեր մարզիկները լոնդոնյան օլիմպիական խաղերում պետք է նվազագույնը 2 ոսկե մեդալ նվաճեն» - եզրակացրեց օլիմպիական խաղերի քառակի մասնակիցը (1980, 1988 թթ. նախկին ԽՍՀՄ-ի, 1996, 2000 թթ.`Ավստրալիայի դրոշի տակ):