Լեւոն Արոնյանը դարձյալ 3-րդն է վարկանիշով
Շախմատի միջազգային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը դարձյալ զբաղեցնում է երրորդ բարձր տեղը:
Մեր ուժեղագույն շախմատիստը վաստակել է 2807 վարկանիշային միավոր: Նա 16 միավորով ետ է մնում նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենից, 10-ով` աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդից:
Այսօր հրապարակած 100 լավագույն շախմատիստների ցուցակում տեղ են զբաղեցրել նաեւ Հայաստանի եւս 4 շախմատիստ: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 2715 միավորով գտնվում է 30-րդ հորիզոնականում: Վլադիմիր Հակոբյանը 64-րդն է իր վարկանիշով (2681 միավոր), Գաբրիել Սարգսյանը` 89-րդը (2658), Տիգրան. Լ. Պետրոսյանը` 98-րդը (2649):
Շախմատի կանանց վարկանիշային աղյուսակը վստահ գլխավորում է հունգարացի Յուդիթ Պոլգարը, ով մեր Սերգեյ Մովսիսյանի մրցակիցն է ներկայումս Խանտի-Մանսիյսկում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում:
100 լավագույն շախմատիստուհիների մեջ ընդգրկվել են երեք հայ գրոսմայստերներ: Նրանցից ամենաբարձր վարկանիշ ունի Էլինա Դանիելյանը (12-րդ տեղ, 2517 միավոր): Նրան հաջորդում են Լիլիթ Մկրտչյանը (25-րդ - 2475) եւ Լիլիթ Գալոյանը (75-րդ - 2389):
ՖԻԴԵ-ի երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանն իր տասը լավագույն շախմատիստների վարկանիշային միջին միավորներով զբաղեցնում է 6-րդ տեղը` ետ մնալով Ռուսաստանից, Ուկրաինայից, Չինաստանից, Ֆրանսիայից եւ Հունգարիայից: Մեր շախմատիստուհիները ընդհանուր հաշվարկով 22-րդն են աշխարհում: