Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ապարանում ավերածությունները ահռելի են․ համայնքապետարան (տեսանյութ)

Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։

«Ըստ նախնական տվյալների, վնասվել են՝

-50 բնակելի տուն,
-20 խանութ,
-20 բազմաբնակարան շենքերի տանիքներ,
-10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։

Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը:

Համայնքապետարանը, արտակարգ իրավիճակների ծառայությունները և պատկան մարմինները գործի են անցել ամբողջ ներուժով՝ գնահատելու վնասները և կազմակերպելու օգնության ու վերականգնման աշխատանքները»,-նշվում է համայնքապետարանի հաղորդագրության մեջ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։

ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում հայտարարվել է անձնակազմի հավաք:

Ըստ Առողջապահության նախարարության՝ նախնական տվյալներով, կա 4 տուժած, որոնք ստացել են առաջին բուժօգնություն։

Ժամը 21։00-ի դրությամբ՝ վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ, տապալվել է 21 ծառ, էլեկտրական 17 սյուն, արևային 3 կայան։

ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։

Աշխատանքներին ներգրավվել են 137 փրկարարական ծառայող։