Հիշատակի ծառատունկ «Սոճուտ» դենդրոպարկում՝ Վիտալի Լեոնովիչի ծննդյան տարեդարձի օրը
Աջակցիր «Ա1+»-ինՀիշատակին նվիրված ծառատունկ «Սոճուտ» դենդրոպարկում
2025 թվականի մայիսի 18-ին «Սոճուտ» դենդրոպարկում անցկացվեց հուզիչ և խորհրդանշական ծառատունկ՝ նվիրված Վիտալի Լեոնովիչի հիշատակին։ Այդ օրը լրանում էր նրա 88-ամյակը։
Վիտալի Լեոնովիչը երկար տարիներ իր նվիրումն ու սերն էր ներդրել բնության պահպանության գործում՝ մեծ հոգատարությամբ ձևավորելով և պահպանելով այս եզակի դենդրոպարկը։ Նրա ծննդյան օրը նշանավորվեց որպես հիշողության, երախտագիտության և շարունակության խորհրդանիշ՝ նոր հիմնվող տնկարանում տնկվեցին 88 մայրի ծառեր, որոնք խորհրդանշում էին նրա անցած 88 տարիները։
Ծառատունկին ներկա էր Վիտալի Լեոնովիչի դուստրը, որի ներկայությունն այդ օրը դարձրեց առավել հուզիչ և հիշարժան։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Դիլիջանի թիվ 4 դպրոցի աշակերտները, ովքեր մեծ ջերմությամբ և պատասխանատվությամբ միացան բնության պահպանման այս կարևոր նախաձեռնությանը։
Միջոցառման կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ունեցան «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և «Սոճուտ» դենդրոպարկի անձնակազմը՝ ի հիշատակ իրենց գործընկերոջ, ընկերոջ և ղեկավարի։
Ծառատունկն ուղեկցվեց դասական երաժշտության կենդանի կատարումներով՝ ապահովված Ստեփանավանի արվեստի դպրոցի սաների կողմից, ինչը միջոցառմանը հաղորդեց նաև մշակութային շունչ։
Այս հիշարժան օրը համընկավ Կենսաբազմազանության պահպանության միջազգային օրերի շրջանակին՝ ևս մեկ անգամ ընդգծելով բնության նկատմամբ հարգանքի և պահպանման նկատմամբ մեր համատեղ հանձնառությունը։
Միջոցառման կարգախոսն էր՝ «Երբ ծառ ես տնկում, ես ժպտում եմ», որը լիովին արտահայտում էր օրվա խորհուրդը։ Յուրաքանչյուր տնկված ծառ դարձավ հիշողության, երախտագիտության և շարունակության խորհրդանիշ՝ ներկայացնելով մի մարդու, որի կյանքն ու գործը, ինչպես ծառի արմատները, խորապես ներդաշնակվել էին բնության հետ։
Միջոցառումը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից։
Կից ներկայացված են միջոցառման լուսանկարները։
Հարգանքով՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ