Ձերբակալել են «Տրաբզոնսպորի» նախագահին
Թուրքիայի ոստիկանությունը այսօր առավոտյան ձերբակալել է «Տրապզոնսպոր» ֆուտբոլային ակումբի նախագահ Սադրի Սեներին եւ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Լեւենտ Կիզիլին: Նրանք կասկածվում են Թուրքիայի առաջնությունում պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ:
Տեղի ոստիկանությունը դեռեւս կալանքի տակ է պահում երկրի չեմպիոն «Ֆեներբախչեի» նախագահ Ազիս Իլդիրիմին, որին մեկ շաբաթ առաջ նույնպիսի մեղադրանք է ներկայացվել: Ի դեպ, թիմի երկրպագուները ամեն օր բողոքի ցույցեր են կազմակերպում դատարանի առջեւ եւ պահանջում են ազատ արձակել նախագահին:
Նշենք, որ Թուրքիայի իրավապահների մոտ կասկած է առաջացրել այն փաստը, որ «Ֆեներբախչեն» անցած առաջնության երկրորդ շրջանի 17 հանդիպումներից 16-ում հաղթանակ է տարել, իսկ վերջում «Տրապզոնսպորից» առաջ է անցել ի հաշիվ շատ խփած գոլերի:
Ըստ Թուրքիայի ոստիկանության տվյալների, պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, ընդհանուր առմամբ կասկածվում են 61 մարդ, որոնցից երեքը երկրի չեմպիոն «Ֆեներբախչեի» ներկայացուցիչներ են: