Սյունյաց աշխարհը` հոգու աչքերով
Մեկ շաբաթ շարունակ Սյունյաց աշխարհը «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնի շրջանակներում 26 հայ վաստակավոր նկարիչների ոգեշնչման աղբյուր էր: Այսօր Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Ագարակի այդ բնապատկերներն ու պատմամշակութային հուշարձանները կտավին հանձնված ներկայացվեցին Նկարիչների միությունում` «Գարնանային Սյունիքի գույները» խորագրով ցուցահանդեսում:
ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի կտավները կարծես իրենք իրենց են նկարվել: Համենայն դեպս այսպես զգում է նկարիչը: Նա հրաշք գեղեցկություն է տեսնում գիշերվա ու բնության զարթոնքի մեջ, որոնք պատկերում է յուրահատուկ գունագեղությամբ:
«Իմ ամբողջ նկարչությունն է վառ, ուզում եմ մարդկանց այդպես տեսնել: Ոչ թե նայեն ու խորասուզվեն մռայլ գույների մեջ: Ուզում եմ ամեն ինչը պարզ ու լուսավոր տեսնել: Ով այդպես է նայում աշխարհին, հաստատ շրջապատը լուսավորվում է»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հրանտ Թադևոսյանը:
Հայրենի բնության գրկում ստեղծված 170 աշխատանքներից այսօր ցուցադրվեց 120-ը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հաճելիորեն զարմանում է, թե ինչպիսի հետաքրքրությամբ են նկարիչները նայում իրենց աշխարհին ու վերարտադրում այն:
«Ինչպե՞ս է ամեն մեկն իր աչքի հմտությամբ կամ իր հոգու ներսից բխող ձևով է արտահայտում այն, ինչ տեսնում է»,-նշեց միության նախագահը:
Սյունյաց աշխարհում նկարիչները նաև հանդիպումներ են ունեցել արվեստի և նկարչական դպրոցներում, վարպետության դասեր անցկացրել աշակերտների հետ:
ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարտ Հակոբյանը համոզված է, որ այս նկարիչները դրական մեծ քայլ են կատարել պրոֆեսիոնալ հմտություններ ուսուցանելու առումով:
Ցուցահանդեսը կտևի մինչև հուլիսի 2-ը: Այն կազմակերպել են ՀՀ նկարիչների միությունը, Սյունիքի մարզպետարանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, «Փյունիկ» հիմնադրամը: