Լեռնային Ղարաբաղի հայերը վերադարձի իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին X-ում պատասխանել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի՝ հայերի և օկուպացված Արցախի մասին մեկնաբանություններին, որոնք նա արել էր այն բանից հետո, երբ France 2 հեռուստաալիքի հաղորդավարը Փարիզում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հայաստանի հավաքականի ներկայացման ժամանակ խոսել էր Արցախի անկման մասին:
«Եվ, իհարկե, մեր հայ ընկերները․․․Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին հայ ժողովրդի համար սգո և Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ»,- ասել էր հաղորդավարը, երբ կադրերում հայտնվել են հայ մարզիկները։
Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը, սրան արձագանքելով գրել էր.«Հայերը, իհարկե, ձեր ընկերներն են։ Բայց ոչ թե սկսվել է Ղարաբաղի «անկումը», այլ սկսվել է նրա նորացումն ու վերածնունդը, բացվում են նրա հրաշալի հեռանկարներ։ Եվ եթե հայերը «լավ տղաներ» են, ապա նրանք կկարողանան օգտվել այդ հեռանկարից»։
Այժմ հետևել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը.«Պարոն դեսպան, օրենքում Ձեր նշած «լավ տղաներ» չկան։ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքներ ունեն՝ սկսած վերադարձի իրավունքից։ Իսկ Դատարանի որոշումները պարտադիր են»։