Սերգեյ Մովսիսյանը առայժմ ոչ-ոքի է խաղում
Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որը երկար տարիներ պաշտպանել է Սլովակիայի մարզական պատիվը, ներկայումս պայքարում է այդ երկրի հարեւան Չեխիայի շախմատային գլխավոր մրցանակի համար:
Պրահայում անցկացվող շախմատի տոնահանդեսի շրջանակում Սերգեյ Մովսիսյանը մրցամարտ է անցկացնում Չեխիայի ուժեղագույն շախմատիստ Դավիդ Նավարայի հետ:
Առաջին պարտիայում կողմերը խաղաղ դաշն կնքեցին բավական երկարատեւ պայքարից հետո, իսկ երկրորդ մրցախաղում նրանք շատ արագ գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Ի դեպ, մրցամարտի առաջին քայլը կատարել է աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:
Այսօր տեղի կունենա 3-րդ հանդիպումը, որում մեր շախմատիստը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Նշենք, որ շախմատիստներն ընդհանուր առմամբ կանցկացնեն 6 պարտիա: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի կարճ շախմատի լրացուցիչ մրցամարտում:
Հավելենք, որ Չեխիայի գլխավոր մրցանակը խաղարկվում է 2005 թվականից: Նախկինում այդ մրցամարտերում հաղթել են աշխարհի նախկին չեմպիոններ Անատոլի Կարպովը, Վլադիմիր Կրամնիկը, ինչպես նաեւ իսրայելցի Բորիս Գելֆանդը, անգլիացի Նայջլ Շորտը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը եւ հունգարուհի Յուդիտ Պոլգարը: