«Ոսկե ծիրանում» կորիզ է ավելացել
Հիմալայների հովիվից մինչև Մեքսիկայի նախագահ... այս տարի «Ոսկե ծիրանի» կինոփառատոնի կազմակերպիչները ցանկացել են հեռու մնալ քաղաքական, կոնֆլիկտային թեմաներով ֆիլմերից և ընտրել են մարդկային պատմություններ:
Ուղիղ մեկ ամիս հետո կմեկնարկի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնը և կտևի 7 օր: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբուլցյանի խոսքերով` ներկայացված 630 ֆիլմից ընտրվել է 150-ը, որոնք ներկայացնում են 45 երկիր:
Փառատոնի այս տարվա նորույթներից է մրցութային ևս մեկ ծրագիր` կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթը` «Կորիզ» խորագրով: Ինչպես նաև կիրականացվի ԱՊՀ-ի 20-ամյակին նվիրված ոչ մրցութային ծրագիրը, որի ընթացքում կներկայացվեն ԱՊՀ երկրների ֆիլմերը: Նախատեսվում է կլոր սեղան, քննարկում:
Կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանի խոսքերով` այս տարվա փառատոնին մասնակցող կինոնկարների 80%-ը վավերագրական են: Պարոն Խանջյանն այսօր իսկ արդեն ցավում,քանի որ վստահ է, որ այդ ֆիլմերը ցուցադրվելու են կիսադատարկ դահլիճներում:
Փառատոնը կբացի աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիառոսթամին իր «Վավերացված պատճեն» ֆիլմով, իսկ կամփոփի Վիմ Վենդերսի «Պինա» ֆիլմը: Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ ռեժիսորները անձամբ ներկա կլինեն միջոցառմանը: