Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջի՞ն ցուցահանդեսը` հայրենիքում

Մշակույթ
79d70313e8badf20cd367c70045b8bb7

Արվեստագետ Նարինե Զոլյանը հասկանում է, որ Մշակույթի նախարարությունը կարող է չգնահատել իր արվեստը, սակայն չէր կարող ենթադրել, որ նույն նախարարությունը իր խոսքի տերը չի լինի:

Խոսքը «Ֆրագմենտներ. վերանայում կամ անվերջ վերամարմնավորում» ցուցահանդես-նախագծի բացման մասին է, ինչի համար մշակույթի նախարարությունը խոստացել էր արվեստագետին տրամադրել 500.000 դրամ: Չնայած ցուցահանդեսը այսօր բացվեց Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), սակայն առանց նախարարության որևէ օժանդակության:

«Խոստացած փոքրիկ գումարը նրանք պետք է մեզ տրամադրեին մայիսի 6-ին, բայց նրանք դա էլ մերժեցին: Եվ վիրավորականն այն է, որ դա արեցին առանց որևէ պատճառ ներկայացնելու: Սկսում ես մտածել, որ Հայաստանին արվեստագետներ պետք չեն»,-ասաց Նարինե Զոլյանը:

Նկարչուհին այնքան է հիասթափված, որ ցանկանում է ամուսնու հետ արտագաղթել Եվրոպա: Նա չգիտի, թե ինչ վերաբերմունքի կարժանանա արտասահմանում. Սակայն մի բան հստակ է.

«Ինչ էլ որ լինի և ուր էլ որ լինի արվեստագետը, միևնույնն է` ստեղծագործելու է: Կյանքը ինձ համար արվեստ է, ոչ թե կյանք: Սակայն ես հոգնել եմ այստեղ ամեն րոպե ամեն մանրուքի համար պայքարելուց»,-ասաց Նարինե Զոլյանը:

Այս նախագծում ներկայացված են միանգամից արվեստի մի քանի տեսակներ` գեղանկարչություն, լուսանկարչություն, քանդակագործություն և այլն: Նրա գործերից յուրաքանչյուրը առանձին պատմություններ են:

«Անդրադարձել եմ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական թեմաներին և թե ՛զուտ իմ երևակայական աշխարհ են ներկայացրել: Ես անտարբեր չեմ կարող անցնել ոչնչի կողքով և իմ աշխատանքներից շատերում անդրադարձել եմ հենց անտարբերությանը, որը ինձ շատ է հուզում: Այսօր համատարած անտարբերություն է տիրում»,-ասաց Նարինե Զոլյանը:

Նարինե Զոլյանի այս աշխատանքները ցուցադրվել ել են աշխարհի մի շարք երկրներում` Գերմանիայում, Հունաստանում, Վրաստանում, Շվեյցարիայում և այլն: