Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այվազովսկին "վերադարձավ" (տեսանյութ)

Մշակույթ
916941697533964880184227c377b098

Հայկական մշակութային կապերի ընկերության դահլիճից 1990-ին առևանգված Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը, որը պետք է վաճառքի հանվեր Մոսկվայի «Գելոս» աճուրդատանը, հանձնվեց Հայաստանի ազգային պատկերասրահին:
«7 տարի առաջ, երբ հայտնի և հարգված ռուսական կոլեկցիոներից, որի անունը հասկանալի պատճառներով չեմ բարձրաձայնի, գնում էի այս նկարը, որևէ կասկած, որ այն գողացված է, չունեի, - ասաց նկարի արդեն նախկին սեփականատեր` Ռուսաստանի Դաշնության սենատոր Հովհաննես Օհանյանը, որը Երևան էր եկել կտավն անձամբ հանձնելու, ապա ավելացրեց, - նման բաները թերևս երկնքում են որոշվում»:
Այվազովսկու ծոռնուհի Իրինան «Գելոս» աճուրդի կայք էջում տեսավ վաճառքի մասին տեղադրված տեղեկատվությունը, որի մասին և հայտնեց արվեստաբան Շահեն Խաչատրյանին, որն էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ ուղևորվեց Մոսկվա և իր հեղինակած երեք գրքերից բերված համոզիչ փաստարկներով հետ վերադարձրեց Այվազովսկու ստեղծագործությունների կատալոգներում 21 տարի որպես «կորած» նշվող կտավը:
Այն այդ ընթացքում Սանկտ Պետերբուրգում բարեհաջող վերականգնվել էր, ու «Գելոս» կայք -էջի տեղեկատվության համաձայն էլ` 1996-ին փորձաքննության էր ենթարկել Տրետյակովյան պետական պատկերասրահի հայտնի փորձագետ Վլադիմիր Պետրովը:
Ցավոք, Հայաստանից գողացված Այվազովսկու նկարներից սա միակը չէ: Միջազգային հետախուզության միջոցով 1996 թվականին Մոսկվայի աճուրդներից մեկում հայտնաբերվել և վերադարձվել է Ազգային պատկերասրահից գողացված «Ծովը լուսնկա գիշերին» կտավը: Սակայն դեռ անհետ կորած են տարիներ առաջ Հայաստանի ազգային գրադարանի գիտական սրահից անհետացած «Տարերք» մեծածավալ կտավը, Էջմիածին քաղաքում գործող ազգային պատկերասրահի մասնաճյուղից էլ` 5 կտավ, որը ֆրանսահայ գործարար Աբրահամ Ջինջյանի նվիրատվությունն էին:
Ազգային պատկերասրահի Այվազովսկու հավաքածուն, որը համարվում է երկրորդը Թեոդոսիայից հետո, ստեղծվել ու համալրվել է բացառապես նվիրատվությունների շնորհիվ:
Առաջին 7 նկարները բերվել են Մոսկվայի Լազարյան ճեմարանից, որոնք ճեմարանին անձամբ նվիրել էր ծովանկարիչը: 1925-ին ճարտարապետ Հակոբ Էքիզյանը պատկերասրահին է նվիրում Այվազովսկու ևս 4 նկար: Այնուհետև 1937-ին մի մեծ կտավ է նվիրում Բելգիայից Վահան Խորաշանջյանը, ով Մարսելում հայկական եկեղեցի է կառուցել: 1957 թվականին Հայաստանի պատկերասրահը հարստանում է Այվազովսկու միանգամից 41 նկարով, որոնց նվիրատուն Աբրահամ Ջինջյանն էր:
«Փոթորիկ ժայռոտ ափերին» նկարն էլ Երևան էր տեղափոխվել վերջինիս նվիրաբերած Այվազովսկու այլ նկարների հետ միասին: Այն ուղարկվել էր Ֆրանսահայ երիտասարդաց միության կողմից որպես նվեր Հայկական մշակութային կապերի ընկերությանը:
Թե Հայաստանի ազգային պատկերասրահն այսօր իրապես, այլ ոչ մոտավոր հաշվարկով, քանի նկար ունի, և ինչու նկարների մոտ փակցված չեն նվիրատուների անունները, փորձեցինք պարզել պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանից:
Նա էլ խոստացավ, որ մոտ ժամանակներս կոնկետ թվերը կհրապարակվեն պատկերասրահի` նոր պաշտոնական կայքում, որի պատրաստումը դեռ ընթացքի մեջ է: Գիտխորհուրդն էլ որոշում է կայացրել յուրաքանչյուր նվիրատուի անունը հիշատակել ցուցադրված նկարի կողքին: