Մարզիչը լրացրեց կազմը
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը, երբ թիմի հավաքին ընդգրկեց երկու նոր խաղացողների (Ալեքսանդր Շեշուկով եւ Ալեքսանդր Ռյազանցեւ), լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ նպատակով է հրավիրել նորեկներին: Հոլանդացի մասնագետը կես կատակ, կես լուրջ պատասխանել է. «Իմ տրամադրության տակ այժմ գտնվում են 22 ֆուտբոլիստներ, ուստի մենք հանգիստ կարող ենք երկկողմանի խաղ անցկացնել»:
Իսկ ահա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այդ հանգամանքը հաշվի չէր առել ուսումնամարզական հավաքի ժամանակ: Նա Ռուսաստանի հետ հանդիպմանը պատրաստվելու համար թիմ է հրավիրել 21 ֆուտբոլիստ: Զարմանալի չէ, որ հավաքի առաջին օրը կազմակերպած երկկողմանի խաղի ժամանակ մարզիչը կադրային խնդրի առաջ կանգնեց. թիմերից մեկում չկար աջ պաշտպան: Այդ բացը լրացրեց հավաքականի մարզիչ Արթուր Մկրտչյանը:
Սանկտ Պետերբուրգում Վարդան Մինասյանին ընդհանրապես չի հաջողվի լրիվ կազմով երկկողմանի խաղ կազմակերպել, որովհետեւ մեր հավաքականը մրցավայր է մեկնելու 19 խաղացողով: Այդ մասին երեկ հայտարարեց հենց գլխավոր մարզիչը: Իսկ թե ովքեր կմնան Երեւանում, Վարդան Մինասյանը չհայտնեց:
«Ես նրանց ասել եմ, որ դա ոչ մի բան չի նշանակում, որովհետեւ հավաքականում միշտ ընդգրկվում են ուժեղագույնները։ Եթե ինչ-որ մեկը չի ներգրավվել 18-ի կամ 19-ի մեջ, ապա չի նշանակում, որ նա թույլ ֆուտբոլիստ է» , - եզրակացրել է Վարդան Մինասյանը: