ՖԻՖԱ-ն 202 մլն եվրո շահույթ է ստացել
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան 2010 թվականին ստացել է 202 մլն եվրո մաքուր շահույթ:
Այդ մասին այսօր ընթացող ՖԻՖԱ-ի 61-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկուս Կատները: Կազմակերպության պահուստային հիմնադրամը ներկայումս կազմում է 1,28 մլրդ եվրո: 2010 թ ՖԻՖԱ-ն ընդհանուր առմամբ վաստակել է 1,29 մլրդ եվրո, որի 90 տոկոսը այն ստացել է աշխարհի առաջնության կազմակերպումից:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը մասնակիցներին հայտարարել է, որ այսուհետ աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրության քվեարկությանը կմասնակցեն բոլոր 208 ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները` նախկին 24 արտոնյալ ֆեդերացիաների փոխարեն:
Հավելենք, որ այսօր անցկացվելու է նաեւ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը: Միակ թեկնածուն գործող նախագահ Զեպ Բլատերն է, որն արդեն երեք ժամկետ գլխավորում է կազմակերպությունը:
Ի դեպ, Անգլիայի եւ Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչները առավոտյան պահանջել են հետաձգել քվեարկությունը, մինչեւ որ չլինի այլընտրանքային թեկնածու, սակայն 172 երկրների պատվիրակները դեմ են քվեարկել դրան, ուստի նախագահի ընտրությունը կկայանա հենց այսօր: