Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Բերեզովսկին հույսը չի կորցնում

Սպորտ
f06823f594e2a12a6911b0a3d3016f5e

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չնայած մեջքի վնասվածքի պատճառով բաց է թողել իր թիմի` «Խիմկիի» վերջին երկու հանդիպումները, սակայն առաջիններից մեկն է ժամանել Երեւան եւ մեր ազգային թիմի կազմում պատրաստվում է հունիսի 4-ին կայանալիք Ռուսաստանի ընտրանու հետ խաղին:

«Տարվա սկզբին ամեն ինչ լավ էր ընթանում, բայց վերջերս դարձյալ ցավեր եմ զգում մեջքիս հատվածում: Սակայն հույսս չեմ կորցնում, քանի որ թիմի բժիշկներն ամեն ինչ անում են ինձ լավ պատրաստելու համար»:

Խոսելով այն մասին, որ հանդիպումը կայանալու է իրեն հոգեհարազատ Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում (Ռոմանը 6 տարի հանդես է եկել տեղի «Զենիթ» թիմում), մեր դարպասապահը ասաց. «Ինչ խոսք, ես եւ Սարգիս Հովսեփյանը ուրախ ենք, որ նորից հանդես ենք գալու Երեւանից հետո մեզ հարազատ քաղաքում, բայց դա ընդամենը նոստալգիա է: Այժմ մեր համար կարեւորը բուն խաղն է»:

Ռոման Բերեզովսկին կարծում է, որ մեր թիմը այս անգամ ավելի լավ խաղ կցուցադրի, քան առաջին հանդիպման ժամանակ: «Մեր ֆուտբոլիստներն այժմ ավելի լավ մարզավիճակում են գտնվում, ուստի մենք կարող ենք ավելի լավ խաղ ցուցադրել: Մեզ համար կարեւորն այն է, որ չհուզվենք խաղից առաջ»: