Յուրա Մովսիսյանը պատրաստ է խաղին
«Մենք բարձր տրամադրությամբ ենք սպասում Ռուսաստանի հավաքականի հետ պատասխան խաղին: Կարծում եմ, որ այս անգամ ավելի լավ կխաղանք, քան Երեւանում հանդես եկանք, քանի որ արդեն ծանոթ ենք Ռուսաստանի ընտրանու ուժեղ եւ թույլ կողմերին» - «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց Հայաստանի հավաքականի Յուրա Մովսիսյանը:
Ռուսական «Կրասնոդար» թիմի հարձակվողը ասաց, որ լիովին պատրաստ է ռուսների հետ մրցապայքարին, չնայած այն բանին, որ վերջերս միշտ չէ խաղում իր թիմի կազմում: «Կարեւորն այն է, որ ոչ մի վնասվածք չունեմ եւ ինձ լավ եմ զգում: Կարող եմ ասել, որ այժմ ավելի լավ մարզավիճակում եմ գտնվում, քան Ռուսաստանի հետ առաջին խաղից առաջ էր»:
Յուրա Մովսիսյանը, այմուամենայնիվ, խոստովանեց, որ հանդիպման տեմպից պարզ կդառնա, արդյոք կարող է 90 րոպե խաղալ, թե հարկ կլինի ժամանակից շուտ փոխարինում խնդրել: