Ավանդական համերգ
Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի Նյու Յորքում կազմակերպել համերգ- մրցույթ` հայ տաղանդավոր երեխաների ուժերով: Ավանդական երրորդ համերգը կայացավ Նյու Յորքի հանրաճանաչ «Մերկին» համերգասրահում:
Միջոցառման կազմակերպիչ, դոկտոր Սվետլանա Ամիրխանյանին եւ համերգի մասնակիցներին շնորհավորական ուղերձներ էին հղել՝ Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը, Հյուսիսային Ամերիկայի հայ Կաթողիկե առաջնորդարանը, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության` Նյու Ջերսիի վարչությունը, Թեքեյան մշակութային միության մեծագույն Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետ՝ Հակոբ Վարդիվառյանը, ռուս-ամերիկյան կազմակերպության պրեզիդենտ՝ Մարինա Կովալյովան, հայ- ամերիկական կուլտուրական կապերի ասոցիացիայի պրեզիդենտ Ռիտա Բալյանը , «Մետրոպոլիտեն» օպերայի նախկին մենակատար՝ Լուսին Ամարան, ամերիկահայ անվանի դաշնակահար՝ Շահան Արծրունին եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համերգային ծրագրում հնչեցին հայ ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Համերգին որպես հյուր մասնակցում էր չին պատանի երաժիշտ՝ Ռյան Չանը, որը մեծ վարպետությամբ կատարեց Ա. Խաչատրյանի ստեղծագործություններից:
Ներկաները ջերմությամբ ընդունեցին Համազգային «Արեգակ» մանկական երգչախմբի եւ այլոց ելույթները : Համերգի վերջում պատանի երաժիշտներին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորեց եւ գովասանագրեր հանձնեց դոկտոր Սվետլանա Ամիրխանյանը:
Համերգին ներկա էին՝ ՄԱԿ ում ՀՀ մշտական ներկայացուցիչ , արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Կարեն Նազարյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ -ի արեւելյան թեմի առաջնորդ՝ Օշական արք. Չոլոյանը, որոնք բարձր գնահատեցին երեխաների կատարողական արվեստը:
Հայ տաղանդավոր երեխաների նյույորքյան եզրափակիչ համերգը, որն անցավ մեծ հաջողությամբ, հանդիսականի կողմից ընդունվեց ջերմությամբ:
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի