Բացել լրահոսը Փակել լրահոսը
1135168
A A
Քաղաքականություն

Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը. Ճանապարհ դեպի մեր օրերի տեղահանում» խորագրով համաժողով, որն անցկացվել է Ռամկավար ազատական կուսակցության նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ է Համաժողովի հյուրն է եղել Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Քլեր Դալին։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայոց Ցեղասպանությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման միջեւ զուգահեռներ անցկացնող համաժողովի գլխավոր բանախոսներն էին Բելգիայում Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ Պարույր Սեւակ Դեմիրճյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, Բրյուսելի Ազատ համալսարանի քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Անիտա Խաչատուրովան եւ նախկին դիվանագետ Վարդան Բարսեղյանը։  

Եվրախոհրդարանական Քլեր Դալին իր բացման ելույթում նշեց՝ այս համաժողովի նպատակն է ոչ միայն հիշատակել Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդգծել տեղի ունեցածի շարունակականության մասին։ Դալիի խոսքով՝ չնայած ճնշող ապացույցներին եւ աշխարհի բոլոր ծայրերում պատմաբանների համաձայնությանը՝ Հայոց Ցեղասպանությունը շարունակում է ժխտվել որոշ կառավարությունների եւ քաղաքական գործիչների կողմից՝ քաղաքական նպատակահարմարության կամ ազգային շահերի համար։ «Նույն կերպ, ԵՄ որոշ ներկայացուցիչներ թերագնահատել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, փոխարենը որոշել են ավելացնել Ադրբեջանից գազի մատակարարումները՝ չնայած այդ երկրի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներին։ Նման ժխտումը ոչ միայն խորացնում է զոհերի եւ նրանց ժառանգների տառապանքը, այլեւ հավերժացնում է անարդարության եւ անպատժելիության վտանգավոր շրջանը», - ասաց Դալին։

Իռլանդացի պատգամավորի խոսքով Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կարեւոր է էթնիկ հայերի հանդեպ հետագա հանցանքները, այլ նաեւ մարդկության հանդեպ պոտենցիալ ոճիրները կանխելու համար։  

Միջոցառման կազմակերպիչներից Պարույր Սեւակ Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց Քլեր Դալիին արագ արձագանքի եւ հյուրընկալության համար։ Դեմիրճյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ահռելիությունն ու ողբերգականությունը շարժառիթ դարձան, որպեսզի Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի հիշատակումը ցույց տա անցյալի եւ ներկայի կապը։

Միջոցառման հիմնական նպատակն էր բարձրացնել հայության հետ տեղի ունեցածի եւ ունեցողի վերաբերյալ իրազեկվածությունը։

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից Արմինե Մխիթարյանը դեսպան Տիգրան Բալայանի անունից շնորհակալություն հայտնեց հրավերի եւ նախաձեռնության համար։ Նա իր ելույթում հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանն առաջին բազմազգ կառույցներից էր, որը 1987 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւով։  

Կարդալ շարունակությունը սկզբնաղբյուրում