Բացել լրահոսը Փակել լրահոսը
038A5418
A A
Պաշտոնական

Աշխատանքային քննարկում՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման վերաբերյալ

Աշխատանքային քննարկում՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած հանդիպմանը նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը քննարկել են «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրության գովազդային արշավի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ցուցադրությունը նախատեսվում է սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում:

Հանդիպմանը ներկա են եղել Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

«Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի տեղափոխումը և ցուցադրումը Հայաստանում աննախադեպ իրադարձություն է, որը տեղի է ունեցել հաջողված համագործակցության արդյունքում: Կարծում եմ՝ սա լավ նախադեպ է միջազգային այլ թանգարանների հետ ևս աշխատելու և նոր ծրագրեր իրականացնելու համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման ճանապարհին շատ կարևոր է հաջողված գովազդային արշավը՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում՝ աշխատանքների ճիշտ բաշխմամբ:

Այդ համատեքստում քննարկվել են նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը, տոմսային քաղաքականության մանրամասները, ինչպես նաև բրիտանական կողմի հետ պայմանագրի կետերին առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են իրադարձությունը հնարավորինս հանրահռչակելու, հանրությանը տեսանելի դարձնելու և ցուցադրության ընթացքը հավուր պատշաճի կազմակերպելու առաջնահերթությունները:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ