Ռոմեոն «Ռոմեո» բեմադրեց (տեսանյութ)
Վիլյամ Շեքսպիրի հավերժական սիրո և թշնամանքի պատմությունը`գեղագիտական նոր լուծումներով մայիսի վերջին կներկայացվի մեր հանդիսատեսին:
Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի ընտրությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի համար, որն խորհրդային տարիներին փայլում էր նույն այս բեմում Ռոմեոյի դերակատարմամբ, պատահական ընտրություն չէր:
«Սա բալետ է այսօրվա ռիթմի մեջ, նոր իմպուլսներով ու նոր շնչով, և առաջին հերթին մեր երիտասարդների համար, որոնցից յուրաքանչյուրը իրեն պիտի ճանաչի գործող անձանց մեջ»,- «Ա1+»-ին ասաց նա:
Մեծ փնտրումներից հետո դեկորներների և զգեստների հեղինակ դարձավ երիտասարդ նկարիչ Աստղիկ Ստեփանյանը, որը բեմադրության հեղինակ Ռուդոլֆ Խառատյանի կարծիքով` կարողացավ 16-րդ դարը կապել 21-ի հետ:
Մենապարողների ևս մեծ ընտրություն է կատարվել և ընտրվել է երկու կազմ`Ժակելին Սարխոշյան-Ռուբեն Մուրադյան և Սյուզի Փիրումյան- Սևակ Ավետիսյան:
Հիշեցնենք, որ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետն այս բեմում առաջին անգամ բեմադրել է 1970-ին Մեծ Թատրոնի բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը:
Իսկ 2005-ին Մեծ Թատրոնի բալետային խումբը հայաստանյան հյուրախաղերի ժամանակ այս բեմում պարեց անգլիացի բեմադրիչ Դոննելանի էքսպերիմենտալ ներկայացումը: