Ֆուտբոլիստը դարձել է բյուրոկրատական քաշքշուկների զոհ
Նախկին Խորհրդային Միության հայտնի հարձակվող Սերգեյ Անդրեեւը դարձել է բյուրոկրատական քաշքշուկների զոհ:
Անցած տարվա դեկտեմբերին Ռոստովի մարզի սպորտի նախարար Վալերի Վակուլովը անվանի ֆուտբոլիստին խոստացել է պատրաստել բոլոր համապատասխան փաստաթղթերը` նրան 55-ամյակի առիթով սպորտի վաստակավոր վարպետի կոչում շնորհելու համար:
Սակայն Սերգեյ Անդրեեւը երկու օր առաջ իր ծննդյան օրը նշել է առանց խոստացված կոչման: Մարզի սպորտի նախարարն այդ կապակցությամբ հայտարարել է, որ իրենք նոր են դիմել Ռուսաստանի ֆուտբոլի միությանը եւ սպորտի նախարարությանը` փաստաթղթերը ներկայացնելու ձեւը իմանալու համար: Սակայն տեղի լրագրողները պարզել են, որ այդ կոչմանը դեմ է Ռոստովի մարզի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, որը չի ստորագրել համապատասխան հրամանը:
Նշենք, որ Սերգեյ Անդրեեւը 1980 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, մասնակցել է 1982 թ աշխարհի առաջնությանը, իր կարիերայի ընթացքում պաշտոնական խաղերում խփել է 200-ից ավելի գոլեր: