Էդվարդ Միրզոյանը 90 տարեկան է (տեսանյութ)
Այսօր լրանում է ԽՍՀՄ ժող արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի կոմպոզիտոր և հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյակը:
Հոբելյանական միջոցառումներն այս տարվա ընթացքում կներառեն մշակութային, գիտակրթական երեկոներ, գիտաժողովներ, մրցույթ-փառատոններ և հոբելյանական համերգներ, նաև գիրք-ալբոմի և հուշերի հրատարակություններ, վավերագրական ֆիլմի նկարահանում ու ցուցադրություն, ձայնասկավառակի շնորհանդես, Երևանի պետական կոնսերվատորիայում էլ` նրա անվան կրթաթոշակի սահմանում։
Ասում են տղամարդը պիտի տուն կառուցի, ծառ տնկի ու որդի դաստիարակի: Էդվարդ Միրզոյանը դաստիարակեց ոչ միայն այսօր անվանի բժիշկ իր որդուն ու դաշնակահար դստերը, այլև շնորհալի ու շնորհաշատ հայ կոմպոզիտորների ոչ մեկ սերունդ, ու կառուցեց ոչ միայն իր տունը, այլև Կոմպոզիտորների ստեղծագործական Տունը Դիլիջանում, ու շինարարության հետևանքով էլ ամեն մի կտրած ծառի փոխարեն հարյուրը տնկեց: Այս դրախտի մասին անգլիացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Բենջիամին Բրիտենն իր Հայաստան այցից հետո հետագայում կասի. "Այն պայմանները, որ տեսա, կարելի է միայն նախանձել հայ կոմպոզիտորներին"
Գորիում ծնված Էդվարդ Միրզոյանը 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան: Կոնսերվատորիան էլ ավարտելուց հետո ուսումը շարունակեց Մոսկվայում: Ու հենց այստեղ սկիզբը դրվեց մի ընկերության ու համագործակցության Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ադամ Խուդոյանի ու Ղազարոս Սարյանի, որը պիտի անվանվեր հայկական "հզոր խմբակ", որի հոգին ու խիղճը Առնո Բաբաջանյանի բնորոշմամբ` Էդվարդ Միրզոյան էր:
Միրզոյանի Լարային Կվարտետը, Ջութակի և նվագախմբի համար գրված Perpetuummobile-ն, Սիմֆոնիան Լարայինների և լիտավրների համար ու կինոերաժշտությունը նոր խոսք էր ու նոր դպրոցի սկիզբ էր Խորհրդային Հայաստանի երաժշտարվեստում: