Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկել «Զանգ» շարժման անդամներին (տեսանյութ)

ԶԱՆԳ շարժման անդամներն ու աջակիցները այսօր Մաշտոցի պուրակում կազմակերպեցին հերթական ակցիան՝ որով դեմ են  արտահայտվում Հայաստանում 300.000 ադրբեջանցիների արտոնյալ կարգավիճակով բնակեցմանը և հատուկ իրավունքներ տալուն:

Քաղաքացիական    նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը ասում է, որ խնդիրը միայն էթնիկ կազմը չէ, այլ այն, որ նախատեսվում է նրանց շնորհել արտոնյալ կարգավիճակ, հատուկ իրավունքներ, ինչպես նաև Հայաստանում տեղակայել ադրբեջանցիների անվտանգությունն ապահովող խաղապահ ուժեր և իրավունք տալ ապագայում ձևավորելու ինքնապաշտպանական ուժեր։

«Այսինքն՝ սա Հայաստանի ապամոնտաժման ծրագիրն է։ Մենք ունենք կառավարություն, որը մեր անվտանգային հարցերում արդեն 5-6 անգամ հռչակել է «կարմիր գծեր» ու այդ «կարմիր գծերից» նահանջել է։ Հետևաբար, եթե կառավարությունը ներկայացնի ամենալավ, ամենաիրատեսական ծրագիրը, չունի կառավարությունը վստահություն, որ այդ ծրագիրը կյանքի կոչի»,-ասում է նա:

Շարժման աջակից, ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը փորձում է մասնագիտական տեսանկյունից խնդիրը բարձրաձայնել:

«Այս շարժումը կուսակցությունների տրամադրությամբ չի գործում, այն քաղաքացիական նախաձեռնություն է։ Մեր խնդիրը քաղաքացիների խնդիրը տեղ հասցնելն է տարբեր մեթոդներով»,- նշում է Տաթևիկ Հայրապետյանը: Նա հավելեց, որ այն մարդիկ, որոնք մտածում էին, որ ադրբեջանցիները ուղղակի թեզեր են առաջ քաշում, կամ ուղղակի հայելային բաներ է փորձում ստեղծել, չարաչար սխալվում էին: «Ցավոք , այդ ամենը անլուրջ ընկալվեց, և իշխող ուժի շրջանակներում մտածում էին, թե Լեռնային Ղարաբաղից հրաժարվելով, Ադրբեջանը իր պահանջներից է հրաժարվելու։ Լեռնային Ղարաբաղից հրաժարվեցին, Ադրբեջանը ,հակառակը, ավելի ագրեսիվ դարձավ։ Եվ դրա համար ես աջակցում եմ շարժմանը, խոսում եմ այդ տեսանկյունից խնդիրների լրջության մասին, փորձում եմ հանրությանը տեղ հասցնել, որ սա կատակ չէ, սա լուրջ է»,-ասաց նա։

Ակցիայի ընթացքում ոստիկանությունը բռնի ուժի գործադրմամբ բերման ենթարկեց ԶԱՆԳ շարժման անդամներին ու աջակիցներին, որոնք Մաշտոցի պուրակում վրան էին տեղադրել ու պաշտպանում էին այն։ Ոստիկանությունը ակցիայի մասնակիցների ձեռքից ուժով խլեց նաև վրանը՝ պնդելով, որ վրանի տեղադրումը հասարակական կարգի խախտում է։

   Ավելի ուշ Տաթեւիկ Հայրապետյանը ասաց,որ 12 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։


Մանրամասները՝ տեսանյութում