Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Երազը՝ նոր հնարավորությունների սկիզբ. Արկադի Հովհաննիսյանի (Արկո) առաջին անհատական ցուցահանդեսը

Արվեստը կյանք է, իմ կյանքը՝ արվեստ. Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում դեկտեմբերի 1-7-ը կցուցադրվեն գեղանկարիչ Արկադի Հովհաննիսյանի (Արկո) Հոգու արտացոլանք խորագրված անհատական աշխատանքները: Մասնագիտությամբ տնտեսագետը սկսել է նկարել երազ տեսնելուց հետո. երազում ձայնը հորդորել է սկսել աշխատանքները, քանի որ Հովհաննիսյանը հրաշալի աբստրակտ է նկարել:

Ցուցահանդեսի մեկնարկի օրը պատահական չէ: Գեղանկարիչը ծննդյան օրն ու առաջին ցուցահանդեսը մեկտեղել է: Թանգարանի ներսում ջութակներն ու թավջութակը ազդարարեցին ցուցահանցեսի մեկնարկը:

Կան աշխատանքներ, որոնք դիտելիս պետք է նուրբ, զուլալ երաժշտություն հնչի ականջիդ, որպեսզի այդ համադրությամբ նայես Արկոյի աշխատանքներին,- ողջույնի խոսքում ասաց Նկարիչների միության անդամ Հրանտ Թադևոսյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից Արկադի Հովհաննիսյանն արժանացավ հավաստագրի:

Արկադի Հովհաննիսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, հոգով՝ նկարիչ: Արկոն գուցե ուշ հասկացավ դա, բայց կարևորը սկսեց եռանդով,- շնորհավորական խոսք ասաց նկարիչների միության անդամ Արմեն Հարությունյանը (Լորենց):

   Առաջին անհատական ցուցահանդեսը նկարչի հոգու գույների մասին է: Սրահում հավաքված նկարչի բարեկամները, հարազատները, ծանոթ-անծանոթ մարդիկ դասական երաժշտության ներքո դիտում են նկարները, մոտենում նկարչին, կիսվում տպավորություններով:

Իմ աշխատանքների մեջ իմ հոգու մի մասնիկն է: Երբ ուշադիր նայեք՝ կտեսնեք, որ իմ նկարներում հոգի, հոգու մասնիկներ են դրված: Այդ ամենը փորձել եմ արտահայտել կտավին տարբեր գույներ տալու միջոցով,- զրույցում ասաց Արկո Հովհաննիսյանը:

Նկարները հիմնականում աբստրակտ էքսպրեսիոնիզմի դպրոցին են պատկանում: Գույները տարբեր են, կտավների վերնագրերը՝ հետաքրքիր: Հավաքվածները վստահ են՝ Արկոն թեև ուշ է սկսել զբաղվել սիրելի գործով, բայց, միևնույն է ՝ մեծ հաջողությունների կհասնի: