Երեխաները ներկայացրին իրենց աշխատանքները
Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը 20 տարեկան է: Այդ առիթով այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կենտրոնի տարբեր դպրոցների սաները ներկայացրին իրենց ունակությունները:
Համերգի սկզբում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողսյանը շնորհակալագրեր շնորհեց բոլոր այն 11 հատուկ դպրոցների և մանկատների տնօրեններին, որոնք ընդգրկված են «Մշակույթը և հաշմանդամները» ծրագրի մեջ:
«Մեր կենտրոնը առաջնահերթ աշխատում է բոլոր նրանց հետ, ովքեր հասարակության հետ ինտեգրվելու խնդիր ունեն: Սակայն մեզ համար պակաս կարևոր չէ նաև այս երեխաների գեղագիտական ունակութուններն ու հոգեկան ներաշխարհը բացահայտելը»,-ասաց նա:
Համերգի ժամանակ ելույթ ունեցան հատուկ դպրոցների պարային խմբեր, երգչախմբեր և այլն: Ներկաների վրա հատկապես մեծ տպավորություն էր թողել ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին 8-ից մինչև 16 տարեկան երեխաների աշխատանքները: Դրանք նկարներ էին, քանդակներ, ասեղնագործ աշխատանքներ:
Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնում 650 երեխաների ուսուցումն անվճար է: