Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Կայացավ «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմի նախադիտումը

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմի նախադիտումը: Ֆիլմն էկրաններին է հայտնվելու նոյեմբերի 30-ից: Ֆիլմի հերոսը՝ Մանուկը, ում մարմնավորել է Ռաֆայել Երանոսյանը, «չկայացած ռեժիսոր է», որին թատերական ինստիտուտից հեռացրել են իր անհավանական ու համարձակ մտքերի համար։ Բայց դա չի խանգարում նրան իր խելահեղ մտքերն իրագործել կյանքում։

Նա իր շուրջն է հավաքում իր նման արկածախնդիրների՝ աճպարարի, հակերի, նախկին ոստիկանի, իր սիրելի աղջկան, ով մասնագիտությամբ լրագրող է, եւ այս մարդկանց հետ որոշում է իրականացնել «Մեծապատիվ մուրացկաններ» օպերացիան, որն էլ դառնում է իր կյանքի ամենաեկամտաբեր եւ ամենասպասված ստեղծագործությունը։

«Ֆիլմում կա ամեն ինչ՝ դրամա, կրքեր, վախ… Այս անգամ իմ եւ Արշոյի աշխատանք էլ էր այլ կերպ, թեեւ միասին այլ նախագծերի շուրջ էլի ենք աշխատել։ Ինձ համար շատ բարդություններ կային, որովհետեւ ամեն ինչ, ինչը, սովորաբար ֆիլմերում անում են դուբլյորները, ինքս եմ արել, ու դա արել եմ, քանի որ հավատացել եմ ռեժիսորին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռաֆայել Երանոսյանը:

Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանն էլ անդրադարձավ նախագծի ստեղծման ընթացքին. «Նախագծի գաղափարը շատ վաղուց է ծնվել: Մենք երկար գնում էինք այս ճանապարհով: Ի սկզբանե նախատեսված էր նկարահանել 16 մաս, բայց բոլորս այնքան ոգևորվեցինք, որ հասկացանք՝ կարելի է նաև լիամետրաժ ֆիլմ ստանալ: Կարծում եմ, որ ֆիլմը հաջողված է, քանի որ եթե Արշոն մի բանի հավատում է, ապա այն անպայման ստացված է: Հենց այսքան հետաքրքիր ու տարբեր ժանրերում ներկայացող դերասանների՝ մի տեղում հավաքվելու փաստը մեզ ստիպեց, որ սերիալից բացի ունենաք նաև ֆիլմային տարբերակը:

Ֆիլմը խաբեության մասին է, բայց սա պրոպագանդա չէ, քանի որ ինչպես հայկական մյուս ֆիլմերի մեծ մասում, սա ևս ավարտվում է happy end-ով: Իր ձևաչափով ֆիլմը մեզ մոտ կլինի նորություն, միջազգային շուկայում բազմաթիվ են այսպիսի նախագծերը, բայց մեզ մոտ, կարծում եմ, չի եղել»:

Հավելենք, որ «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» ֆիլմի գաղափարն ի սկզբանե ծնվել է Արշալույս Հարությունյանի մոտ, իսկ սցենարը գրել է սցենարիստ Նարեկ Ավագյանի հետ։ Ֆիլմում որպես գլխավոր դերակատարներ հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Վիկտորիա Սահակյանը, Լևոն Հախվերդյնաը, Արսեն Սաղաթելյանը, Գրիշա Աղախանյանը և այլք: