ՀՖՖ-ին մեղադրում են երկակի ստանդարտների համար
«Արարատ» ֆուտբոլային Ակումբի մամուլի քարտուղար Արա Հակոբյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նա մի քանի ԶԼՄ-ներին քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի նկատմամբ «սև PR»- կազմակերպելու մեջ:
«Կամա թե ակամա մեր ֆուտբոլային աշխարհի թիվ 1 ընդդիմադիրն Արկադի Անդրեասյանն է, ուստի միանգամայն կանխատեսելի էր «իշխանամետ» զանգվածային լրատվամիջոցների «սև փիառ»-ը նրա հանդեպ` «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը արձանագրված միջադեպի կապակցությամբ: Չենք պնդում, թե դա վերևից իջեցված պատվեր էր, բայց լրագրողական համերաշխ հնազանդության նման շքահանդեսն ուժեղի մոտ «աչոկներ հավաքելու» ծառայամիտ ինքնագործունեության տպավորություն է ստեղծում»:
Հիշեցնենք, որ Արկադի Անդրեասյանը մեղադրվում է 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին հարվածելու մեջ:
Արա Հակոբյանը գտնում է, որ Աշոտ Առուշանյանը ոչ ճիշտ ժամին հայտնվել է ոչ ճիշտ տեղում և փորձելով կատարել իր մասնագիտական պարտականությունները` փաստացի խոչընդոտել է Ա. Անդրեասյանին կատարել իր մասնագիտական պարտականությունները, ով ցանկացել էր հնարավորինս արագ տրիբունայից հասնել հանդերձարան:
Ինչպես նշել ենք, ՀՖՖ կարգապահական կոմիտեի միաձայն որոշմամբ Անդրեասյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու առաջարկ է կատարել ֆեդերացիայի գործկոմին: «Արարատի» մամուլի քարտուղարը այդ կապակցությամբ նշել է.
«Հիմնվելով գործող բոլոր օրենքներից և իրավական նորմատիվներից ու ակտերից գերակա մեր մայր օրենքի վրա` ես ՀՖՖ-ին խնդրել եմ զերծ մնալ Ա. Անդրեասյանի վերաբերյալ հարցի քննարկումից` մինչ ընթացքի մեջ գտնվող հետաքննության ավարտը, հենց որի արդյունքում էլ կպարզաբանվի, թե իրականում ինչ է կատարվել, և ով է մեղավոր: Սակայն ստացված պատասխան պաշտոնական գրության մեջ մեր ֆուտբոլային գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը նշել է, որ ՀՖՖ-ն իրավասու չէ քննարկել կամ մեղադրել որևէ սուբյեկտի` կատարված հանցագործության մեջ, բայց ֆեդերացիայի կանոնադրությունը վեր դասելով երկրի հիմնական օրենքից` Սահմանադրությունից, դրա համապատասխան հոդվածի վկայակոչումը անտեղի է համարում և գտնում է, որ գերակա օրենքը չի կարող արգելք հանդիսանալ` կանոնակարգերի դրույթների խախտումներ թույլ տված սուբյեկտների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն»:
Արա Հակոբյանը ՀՖՖ-ին մեղադրել է երկակի ստանդարտների համար: «ՀՖՖ նախագահը իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողին սեռական բնույթի հայհոյանք տալու վերաբերյալ հարցին, խորհուրդ տվեց «Կոկա-Կոլա» ըմպել և հանգիստ սպասել դատաքննության ավարտին, մինչդեռ Անդրեասյանի պարագայում «դատավճիռը» հրապարակվում է կանխավ` հոգեբանական անհրաժեշտ ֆոն ստեղծելով կարգապահական կոմիտեի որոշումը գործկոմում քննարկել-հաստատելու նախաշեմին»:
«Արարատ»-ի խոսնակը, եզրահանգումների իրավունքը վերապահելով ֆուտբոլային աշխարհի մարդկանց և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, բոլորին կոչ է անում ֆուտբոլային արդարադատությանը ծառայել «Արդար խաղի» կանոններով: