«Ռեալի» մարզչին կհսկեն 7 թիկնապահներ
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» - «Ռեալ» պատասխան խաղին հյուրերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կհսկեն 7 թիկնապահներ: Այդ մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի կայքէջը:
Պորտուգալացի մասնագետը այդ խաղը կդիտի տրիբունայից, քանի որ առաջին խաղին նա հեռացվել էր պահեստայինների նստարանից: «Ռեալի» ղեկավարները վախենում են «Բարսելոնայի» երկրպագուների սադրանքներից, քանի որ Ժոզե Մոուրինյոն մեկ շաբաթ առաջ բարսելոնացիներին մեղադրել էր անազնիվ պայքար մղելու մեջ:
Թիկնապահներից բացի «Ռեալի» գլխավոր մարզչի գործողություններին կհետեւի նաեւ ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակված հատուկ աշխատակիցը, որի խնդիրը կլինի մարզչին արգելել կապ հաստատել իր օգնականների հետ:
Ի դեպ, Ժոզե Մոուրինյոն հրաժարվել էր մասնակցել նախախաղային մամուլի ասուլիսին: Նշենք, որ առաջին խաղից առաջ նա չնայած ներկայացել էր նմանատիպ ասուլիսին, սակայն ցուցադրաբար հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին:
Հավելենք, որ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» - «Ռեալ» պատասխան խաղը կկայանա այսօր, Բարսելոնայի «Նոու Կամպ» մարզադաշտում: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր բարսելոնացիների հաղթանակով` 2:0: