Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Քարերը հազարամյակներ կմնան, իսկ ժողովուրդը՝ ոչ․ լուսանկարիչ

 «FIAP» միջազգային ֆոտոմիության ներկայացուցիչ, լուսանկարիչ Վիգեն Մնոյանին և Չեխիայի Լուսանկարիչների Միության նախագահ Գարիկ Ավանեսյանին հաջողվել է Հայաստանում կյանքի կոչել Միջազգային Ֆոտոմիության ասամբլեա անցկացնելու գաղափարը: Հայաստան են ժամանել մոտ 55 լուսանկարիչներ, ովքեր հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 1-ը շրջել են  Հայաստանի տարբեր անկյուններով, լուսանկարել են տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ, ծանոթացել  բնակիչների հետ և վավերագրել նրանց նիստուկացը:  Հայկական մշակույթի մասին պատմող լուսանկարները հասանելի կդառնան միջազգային հանրությանը՝ ցուցահանդեսների, տպագիր ալբոմ-կատալոգների և առցանց սոցիալական հարթակների միջոցով: 

«Մեզ համար շատ դժվար ստացվեց, որորվհետև ստանում էինք նամակներ տարբեր մասնակիցներից, որոնք վախենում էին Հայաստան գալ պատերազմական իրավիճակի պատճառով, բայց մենք բացատրեցինք ու ստացվեց ամեն բան»,- պատմում է Վիգեն Մնոյանը: 

Չեխիայի լուսանկարիչների միության նախագահ Գարիկ Ավանեսյանը կարեւորում է , որ լուսանկարչիները հանդիպել են  մարդկանց։ «Երբ ես էի նկարահանում  Արցախն ու բնակիչներին, ասում էին՝ ինչու՞ եմ իրենց նկարում, գնամ այն քարերը նկարեմ: Բայց քարերը հազարամյակներ կմնան, իսկ ժողովուրդը՝ ոչ»,- ասում  է Գարիկ Ավանեսյանը: 

Վիգեն Մնոյանն ավելացնում է, որ հիմա հայտնվում են մարդիկ, ովքեր տեսնում են նախկինում արված լուսանկարներն ու հիշում իրենց գյուղը, գտնում իրենց հարազատներին, բարեկամներին:

Ավելացնենք, որ Ֆոտոարվեստի միջազգային ֆեդերացիան՝  FIAP-ը, միավորում է 120 երկրի լուսանկարիչների։