Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Չի եղել դեպք, երբ մեր ներկայացումը լեփ-լեցուն դահլիճում չանցնի. Արտյոմ Հակոբյան

Արդեն երկու տարի է, ինչ «Փերփերի»-ն դարձել է հայ մանուկների սիրելին։ Այն հասցրել է ռեկորդային դիտումներ գրանցել Youtube-ի իր պաշտոնական ալիքում, իսկ ահա ներկայացման ժամանակ՝ ռեկորդային հանդիսատես։   Նախագծի ռեժիսոր և համահիմնադիրներից մեկի՝ Արտյոմ Հակոբյանը պատմում է նախագծի ստեղծման, կերպարների ընտրության, գրանցած հաջողության և հետագա անելիքների մասին։

«Նախագծի միտքը մեզ մոտ կար դեռ շատ վաղուց՝ սկսած 2016թ-ից։ Նախագծի համահեղինակներն են Գարիկ Մարտիրոսյանը, Ամարաս Գասպարյանը և ես»,- պատմեց Արտյոմ Հակոբյանը։ Ըստ նրա` իրենք ի սկզբանե ցանկացան ստեղծել մանուկների համար նախատեսված հայալեզու արտադրանք, որը թե գունեղ կլինի, թե հետաքրքիր, թե ուսուցողական և թե մրցունակ։

««Փերփերի» նախագիծն իրագործելիս առաջին հերթին մենք պետք է գտնեինք գլխավոր հերոսին, այդ ժամանակ դեռ հստակ չէր՝ աղջիկ է այն լինելու, թե տղա։ Բայց հետո հասկացանք, որ աղջիկ հերոսուհին շատ ավելի նպատակահարմար կլինի։ Իսկ ո՞վ կարող է լինել հրաշագործ և գեղեցիկ, իհարկե, փերին։ Անվան տարբերակներ ունեինք, սակայն նախընտրեցինք հենց Փերփերի տարբերակը։ Անհրաժեշտ էր նաև կերպար, ով հետաքրքիր կլիներ տղաներին․ այդպես էլ ստացանք Վագրոյին՝ ուժեղ, կիրթ, արդար և խիզախ։ Աղջիկներին բացի Փերփերիից, պետք էր նաև մեկ այլ ընկեր, այդ ժամանակ ստեղծվեց նապաստակը, ավելի կոնկրետ՝ Նապան, իսկ ահա սխալ քայլեր անող և չարաճճի կերպարը Խոզոն է, ում կատարած սխալների հիման վրա էլ երեպաներին պետք է սովորեցնել, թե ինչ չի կարելի անել,- մանրամասնեց Արտյոմ Հակոբյանը և ավելացրեց, -Ամեն ինչ սկսվեց 2021թ-ի հուլիս ամսին՝ մեր առաջին երգից՝ «Ամենաբարի փերի»-ից, որն այսօրվա դրությամբ արդեն 5 միլիոնից ավել դիտում ունի Youtube-ում։

«Ամենաբարի փերի» տեսահոլովակին հաջորդեց նախագծի առաջին սերիան, և այսօր արդեն «Փերփերին» ունի 13 սերիա և 11 երգ։ Կարող եմ վստահ ասել, որ մենք ֆանտաստիկ արդյունք ենք գրանցել այս երկու տարվա մեջ»,- նշեց Արտյոմ Հակոբյանը։

Ի դեպ՝ նախագծի երաժշտական մասը ապահովում է թիմի անդամ Արտեմ Վալտերը, ով ստեղծում է բոլոր այն երգերը, որոնք հիշվող և սիրելի են դառնում երեխաների համար։ Նշենք, որ «Փերփերի»-ն հանդես է գալիս նաև ներկայացմամբ, որը կոչվում է «Փերփերի շոու»։ Արդեն տեղի է ունեցել մոտ 50 ներկայացում։ Ինչպես նաև նախատեսվում են ներկայացումներ ամբողջ Հայաստանով։ Ներկայացման մեջ կան նաև անգլերեն լեզվով երգեր։ «Փերփերի շոու»-ի սցենարն ամեն անգամ փոփոխության է ենթարկվում, քանի որ մշտապես նոր երգեր են ստեղծվում, որոնք ևս ընդգրկվում են ներկայացման մեջ։

««Փերփերի շոու»-ն ինտերակտիվ ներկայացում է․ ամբողջ ընթացքում երեխաները ներկայացմանը էկրանների միջոցով մասնակցելու հնարավորություն ունեն: Պետք է համեստությունս դնեմ մի կողմ և անկեղծ նշեմ, որ մինչ այս չի եղել դեպք, երբ մեր ներկայացումը լեփ-լեցուն դահլիճում չանցնի։

Բոլոր ներկայացումների տոմսերը միանգամից սպառվում են»,- անկեղծացավ Արտյոմ Հակոբյանը, ով հանդիսանում է «Փերփերի շոու» ներկայացման բեմադրող ռեժիսորը։ Վերջինիս խոսքով՝ ներկայացման գլխավոր ասելիքը ընկերներին երբեք չնեղացնելու մասին է։

«Մեր երեխաներն արժանի են ունենալ համաշխարհային չափանիշներին համապատասխան հայկական պրոդուկտ։ Հենց այս հանգամանքն էլ խթան հանդիսացավ, որպեսզի մենք գնանք այս քայլին, ինչը բավական ռիսկային էր։ Բայց ի ուրախություն մեզ՝ պետք է փաստեմ, որ այսօր ««Փերփերի»-ն և ««Փերփերի շոուն» ոչ թե միայն հեռուստատեսային նախագիծ կամ ներկայացում է, այլ շատ ավելին է, մեր հերոսներն այսօր իսկական կուռք են դարձել հայ երեխաների համար»,- Արտյոմ Հակոբյանը։

Տեղեկացնենք, որ Նապայի կերպարը մարմնավորում է Աննա Զաքարյանը, Վագրոյինը՝ Սարգիս Ռուստամյանը, Խոզոյինը՝ Սարգիս Խաչատրյանը, Փերփերիինը՝Թամար Սահակյանը։

Նախագծի դիմահարդարն է Ադանե Աղաջանյանը, պրոդյուսերը՝ Ամարաս Գասպարյան, բեմադրող ռեժիսորը՝ Արտյոմ Հակոբյանը, իսկ տնօրենը՝ Լիլիթ Ֆրանգուլյանը։

 Լիլիթ Հակոբյան