Բրյուսելում երկու շվեդ է սպանվել, Բելգիա-Շվեդիա ֆուտբոլային խաղը դադարեցվել է
Աջակցիր «Ա1+»-ինԲրյուսելի կենտրոնում երեկ երեկոյան անհայտ անձը հրազենով երկու շվեդների է սպանել, ինչից հետո ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Բելգիա-Շվեդիա հանդիպումը դադարեցվել է առաջին խաղակեսից հետո, երբ հաշիվը 1:1 էր:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվող դեպքի վայր է ժամանել մոպեդով, նրա հագին նարնջագույն բաճկոն է եղել։ Հնարավոր է՝ տղամարդը կրակ է բացել Կալաշնիկովի ինքնաձիգից։
Հրաձգության պահին հանցագործը բղավել է «Ալլահ աքբար», իսկ հարձակումից հետո փախուստի է դիմել։ Այս պահին ոստիկանությունը շարունակում է որոնումները։
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բելգիական իշխանությունները շուրջ 35 հազար ֆուտբոլասերներին մի քանի ժամ թույլ չեն տվել դուրս գալ մարզադաշտից՝ անվտանգության նկատառումներով:
Բելգիացի իրավապահները հայտնել են, որ քննությունը կենտրոնացել է կատարվածի «հնարավոր ահաբեկչական շարժառիթների վրա», երբ սոցիալական ցանցերում պատասխանատվությունը ստանձնելու մասին հաղորդագրություն է տարածվել:
«Այդ անձը պնդում է, որ իրեն ոգեշնչել է «Իսլամական պետություն»-ը: Զոհերի ազգությամբ շվեդ լինելն է առաջ քաշվել որպես հնարավոր շարժառիթ», - ասել է Բելգիայի դաշնային դատախազության խոսնակը: