Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առիթով ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Շնորհավորելով հյուրին և իր բարեմաղթանքները փոխանցելով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը՝ նախագահը շեշտել է, որ Գերմանիայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում ունեն անցած 30-ից ավելի տարիների ընթացքում: «Մենք Գերմանիայի աջակցությունը զգացել ենք անկախացումից անմիջապես հետո և այսօր ունենք բարեկամական հարաբերություններ, վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակելու է սերտանալ և նոր բնագավառներ է ընդգրկելու»,- նշել է նախագահ Խաչատուրյանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար ու ընդգծել, որ Գերմանիան հավատարիմ է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև խաղաղության հաստատման իր հանձնառությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-գերմանական գործընկերության զարգացման ոլորտների լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա հնարավորություններին և հեռանկարներին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար աջակցության խնդիրների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հրամայականը: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է Հայաստանի հաստատակամությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման գործում: Դեսպան Ռիխտերը շեշտել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանն ու հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու գործընթացին: