Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ
A A
Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ․ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։

Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունից այն մասին, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքերը վայր դրած զինվորականների ազատ, կամավոր և սեփական մեքենաներով և գույքով անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքի երկայնքով և առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով, որոշվել է.

1. Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել բոլոր պետական գերատեսչությունները և իրենց գերատեսչական ենթակայության բոլոր կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

2. Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվողներին, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին հետագայում անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով։ Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո։