Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ լսումներ ԱՄՆ Սենատում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց քննարկելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը նման դիրքորոշում հայտնեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներին:
Նա նշեց, որ Ադրբեջանն ընդամենը մեկ բեռնատարի մուտք է թույլատրել Լեռնային Ղարաբաղ Աղդամով՝ 120 հազար հայերի համար, մինչդեռ մինչև Լաչինի միջանցքի արգելափակումը 120 բեռնատարներ էին անցնում ամեն օր:
«Նախագահ Ալիևն ասում է, որ ինքը չի կազմակերպում էթնիկ զտումներ: Բայց դա հենց դա է, ինչ ինքն անում է»,-ասաց նա՝ հավելելով, որ Ալիևը նպատակ ունի Արցախի ժողովրդին ստիպել քաղաքականապես հպատակվել կամ սովամահ անել:
Սենատորը հավելեց՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը, ըստ տեղեկությունների, սահմանի երկայնքով զորքեր է կուտակում, պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների: Սենատորն ընդգծեց՝ ժամանակն էական է: Նա մեջբերեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցից մի հատված՝ սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է, առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի:
«Մի քանի շաբաթ, այսքան ժամանակ մենք ունենք»,-շեշտեց Մենենդեսը:
Խոսելով այս վայրագությունը կանխելու համար Բայդենի վարչակազմից և միջազգային հանրությունից ակնկալվող գործողություններից՝ նա ասաց. «Մեր ուղերձը ամենաբարձր մակարդակներից պետք է լինի միանշանակ՝ դադարեցրեք շրջափակումը, դադարեցրեք սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հասցեին, դադարեցրեք սպառնալիքները հայերի հասցեին, բացեք Լաչինի միջանցքն անմիջապես»:
Սենատորն ընդգծեց՝ սրանք այն պարտավորություններն են, որոնք Ադրբեջանը ինքն է ստանձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի պայմանավորվածությամբ:
Նա խոսեց նաև ռուս խաղաղապահների ունեցած պարտավորությունների մասին:
Մենենդեսը նշեց, որ նաև Եվրոպայում կայունության նպատակով Միացյալ Նահանգները և Եվրոպան պատասխանատվություն են կրում: Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի երկարատև, կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը: «Ես աջակցում եմ ցանկացած ջանքի, որն ուղղված է ապահովելու կայուն խաղաղությունը և անվտանգությունն ու հիմնարար իրավունքները՝ տարածաշրջանում բոլոր մարդկանց համար: Բայց իրականությունը հետևյալն է՝ խոսակցությունն անարժեք է, երբ այս բանակցություններում մի կողմը էթնիկ զտումների արշավ է իրականացնում»,-ասաց Մենենդեսը:
Նա հույս հայտնեց, որ կգտնեն, թե ինչ տարբերակով կարող են մեղմել հումանիտար ճգնաժամը ԼՂ հայերի համար, ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ ստիպելու համար Բաքվի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը:
«Եվ ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցները այն գործունեության համար, որը, կարծում եմ, բոլորս կարող ենք համաձայնել, ակնհայտորեն պատժելի է»,-եզրափակեց Մենենդեսը:
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը բացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական փոխադրումների համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յուրի Քիմն այս մասին ընդգծեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներում:
Յուրի Քիմը նշեց, որ վերջին մի քանի ամիսներին ինտենսիվորեն աշխատել են՝ հասցեագրելու ԼՂ-ում հումանիտար իրավիճակը:
«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա դրա փակման հետևանքներով: Անընդհատ ասում ենք, որ այդ միջանցքը պետք է բացվի առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժի համար»,-ասաց նա:
Քիմն ընդգծեց հումանիտար մատակարարումները վերականգնելու հրատապությունը:
Նա նշեց, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն, USAID-ի գործընկերները, ինքը և շատ գործընկերներ ինտենսիվորեն ներգրավված են այս հարցում՝ ճնշում գործադրելու Լաչինի միջանցքի, ինչպես նաև մարդասիրական, առևտրային և մասնավոր երթևեկության համար այլ ուղիների անհապաղ և անխափան բացման համար՝ հրատապ անհրաժեշտ պարագաների անցումը թույլ տալու նպատակով։ Քիմը նաև ասաց, որ Լուի Բոնոն կրկին տարածաշրջանում է՝ ճնշում գործադրելու, որպեսզի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ թույլատրվեն անհապաղ և սահուն կերպով:
Նա շեշտեց՝ կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը արագ վերականգնել մասնավոր, մարդասիրական տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, նաև գիտակցում են լրացուցիչ երթուղիների կարևորությունը:
Ըստ նրա՝ տարածաշրջանում փոխվստահության բացակայությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է: «Մենք պետք է շարունակենք խրախուսել բոլոր կողմերին կառուցողական աշխատել»,-նշեց Քիմը:
Սենատոր Ջեյմս Ռիսչն էլ նշեց, որ Եվրոպայում և Եվրասիայում շարունակվող անկայունությունը պարզ են դարձնում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ուժեղ քաղաքականության անհրաժեշտությունը: